Ամերիկյան AECOM ընկերության ինժեներներն ուսումնասիրում են ՀՀ-ում TRIPP նախագծի ենթակառուցվածքների համար նախատեսված տեղանքները

AECOM ընկերության պատվիրակությունը երրորդ անգամ է այցելել Հայաստան


ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության պատվիրակությունը երրորդ անգամ է այցելել Հայաստան՝ ուսումնասիրելու այն տարածքը, որտեղ իրականացվելու է TRIPP նախագիծը։


Այս մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը։


«AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,-նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։


TRIPP ծրագրի մասին


Հայաստանի ԱԳՆ-ն հունիսի 4-ին հայտնել էր TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը նախաստորագրվել էր մայիսի 26-ին՝ ԱՄՆ պետքարտուղարի Երևան կատարած այցի շրջանակում։


Մեկ օր առաջ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն էր տվել TRIPP Development Company-ի՝ ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ձեռնարկության ստեղծմանը։ Նախագիծը ներառված է DFC-ի 2,5 միլիարդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների փաթեթում։


TRIPP Development Company-ն պետք է նպաստի կովկասյան տարածաշրջանում առևտրի, տրանսպորտի և տնտեսության զարգացմանը, ինչպես նաև միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային կապվածության ընդլայնմանը։


Ավելի վաղ ՀՀ իշխանությունները հայտարարել էին, որ TRIPP Development Company-ն կստանա նախագծի իրականացման նախնական իրավունք՝ 49 տարի ժամկետով։ Նախատեսվում է ԱՄՆ-ին առաջարկել համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 74%-ը, իսկ Հայաստանին կմնա 26%-ը։ Համաձայնագիրը ևս 50 տարով երկարաձգվելու դեպքում նախատեսվում է փոխել բաժնեմասերի հարաբերակցությունը։

Leave a comment