Ռուսաստանը Թուրքիայի հետ կապի մեջ է նախկինում մատակարարված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ և կշարունակենք շփումները», – ասել է Պեսկովը լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել թուրքական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, թե Անկարան ռուսական Ս-400-ները վերավաճառել է ԱՄՆ–ի պատժամիջոցներից ազատվելու համար։
Կրեմլի ներկայացուցչին հարցրել են` արդյոք Անկարան Մոսկվային դիմել է թույլտվության հարցով, և եթե այո, ինչպես է արձագանքել Ռուսաստանը։
«Սա գերզգայուն թեմաներից է»,– ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Hürriyet»-ի վերլուծաբանը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցում են Ս-400 հրթիռները Պարսից ծոցի երկրներից մեկին փոխանցելու համար։