Գերմանիայում 2026 թվականի ապրիլին կորպորատիվ սնանկությունների թիվը հասել է գրեթե 2.3 հազարի, ինչը 7.1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս տվյալները հրապարակել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական վարչությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ապրիլը դարձել է սնանկության վերաբերյալ գրանցված դիմումների թվով երկրորդ ամենաբարձր ամիսը` առնվազն 2018 թվականից ի վեր։ Ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել էր միայն 2026 թվականի մարտին, երբ դիմումների թիվը գերազանցել էր 2.3 հազարը։ Ամենաշատ սնանկությունները գրանցվել են տրանսպորտի, պահեստային լոգիստիկայի, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի, ինչպես նաև շինարարության ոլորտներում։
2026 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում երկրում իրավաբանական անձանց կողմից ներկայացվել է շուրջ 8.5 հազար սնանկության դիմում, ինչը 6.7%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
Այս ընթացքում սնանկ ճանաչված ընկերությունների նկատմամբ պարտատերերի ընդհանուր պահանջների ծավալը կազմել է 13.9 միլիարդ եվրո։ Սա զգալիորեն ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, երբ պահանջների ընդհանուր արժեքը հասել էր 22,5 միլիարդ եվրոյի։ Վիճակագրական վարչությունը պարզաբանել է, որ այդ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ 2025 թվականին սնանկության մասին հայտարարած ընկերությունների թվում ավելի շատ էին խոշոր ձեռնարկությունները։
Վերջին տարիներին Գերմանիայի տնտեսությունը գտնվում է երկարատև անկման փուլում։ Սկզբում այն պայմանավորված էր COVID-19 համավարակի հետևանքներով, իսկ հետագայում իրավիճակը խորացավ ռուսական բնական գազի մատակարարումների դադարեցումից և Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունից հետո։
Ավելի վաղ Bild թերթը, հղում անելով վարկային ապահովագրության ոլորտում գործող Allianz Trade ընկերության հետազոտությանը, հայտնել էր, որ 2026 թվականին Գերմանիայում սնանկությունների թիվը կարող է հասնել վերջին 14 տարվա ամենաբարձր մակարդակին։