Հակակոռուպցիոն քրեական դատարանում, Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի ընդունած արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը՝ Օրբելյանն ասաց. «Դատախազությունը պնդում է, որ Քոչարյանն իր այդ հրամանագրով ապօրինի է սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Սա ամենակենտրոնական դատական խնդիրն է, որի մեջ դատախազությունը իրավունք չուներ մտնելու։ Դատախազությունը գործող, Ազգային ժողովի կողմից չվերացված իրավական ակտը որակում է ապօրինի»:
Օրբելյանը հիշեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներն ուղղված Ռոբերտ Քոչարյանին՝ «սատկացնելու եմ», բայց դատարանը ընդհատեց՝ ասելով, որ թույլ չի տա որևէ պաշտոնյայի քաղաքական հայտարարություն հիշատակել:
«Հեչ քաղաքական չէ, կոնկրետ ինձ է վերաբերում»,- միջամտեց ՀՀ երկրորդ նախագահը։ Ի պատասխան՝ նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը կրկնեց. «Քաղաքական հայտարարություններն արգելում եմ իմ դատական նիստերի դահլիճում հնչեցնել»։
Պաշտպան Օրբելյանն էլ հակադարձեց. «Քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են 2008 թվականին, այս դատարանում նույնպես քննության առարկա չպետք է դառնան»։
Ռոբերտ Քոչարյանն էլ դատարանին դիմելով՝ հավելեց. «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞»։