Բալթիկ ծովի ջրի մակարդակը նվազել է պատմականորեն նվազագույն արժեքի. Լևոն Ազիզյան


Զելենոգրադսկի ափերի մոտ Բալթիկ ծովի սառեցումը պատահական չէ և պայմանավորված չէ միայն օդի ցածր ջերմաստիճաններով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը:


 


«Ինչպես հայտնում է Գերմանիայի Վարնեմյունդե քաղաքում գործող Լայբնիցի անվան Բալթիկ ծովի հետազոտությունների ինստիտուտը, 2026 թվականի փետրվարին արձանագրվել է Բալթիկ ծովի ջրի մակարդակի ամենացածր ցուցանիշը՝ սկսած 1886 թվականից։ Այն միջին բազմամյա արժեքից ցածր է 67 սանտիմետրով։


 


Ուժեղ և երկարատև արևելյան քամիների հետևանքով Բալթիկ ծովից դեպի Հյուսիսային ծով է դուրս մղվել մոտ 275 խորանարդ կիլոմետր ջուր, ինչը կազմում է ծովի ընդհանուր ծավալի շուրջ 1 տոկոսը։


 


Այս երևույթի հետևանքները կարելի է տեսնել արդեն հիմա, օրինակ՝ Զելենոգրադսկում․ զբոսափողի մոտ գտնվող սառցե տորոսների տակ իրականում ամենուր չէ, որ ջուր կա․ ծովը բառացիորեն նահանջել է։


 


Ջրի մակարդակի այս նվազումը բնապահպանական տեսանկյունից չի գնահատվում որպես աղետ։ Քամիների թուլացումից հետո Հյուսիսային ծովից Բալթիկ ծով կմտնի ավելի աղի և սառը ջուր, ինչը կարող է նպաստել ձկնային պաշարների աճին,- նշել է նա։


 

Դիտումների քանակ1

Leave a comment