Փողերի լվացման դեմ պայքարի մարմինը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույց

Քաղաքականություն

Փողերի լվացման դեմ պայքարի մարմինը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ զեկույց

Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի մարմինը՝ MONEYVAL-ը,  հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր նոր զեկույցը՝ գնահատելով երկրի պայքարը փողերի լվացման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ։ Զեկույցն արտացոլում է 2025թ. հոկտեմբերին Հայաստան կատարված գնահատող առաքելության արդյունքները։

Փաստաթուղթը ողջունում է Հայաստանի ջանքերը ռիսկերի ընկալումն ամրապնդելու ուղղությամբ և բավարար է համարում այս ուղղությամբ մշակված ազգային քաղաքականություններն ու ռազմավարությունները։ Իշխանությունների կողմից հայտնաբերված հիմնական սպառնալիքներն են՝ խարդախությունը, յուրացումը, կոռուպցիան, հարկային հանցագործությունները, թմրանյութերի թրաֆիքինգը և կիբերհանցագործությունը։ Սակայն MONEYVAL-ը կարծում է, որ պետք է ավելի խորությամբ վերլուծվեն արտաքին սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորումը և վիրտուալ ակտիվների հետ կապված ռիսկերը, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտի ռիսկերն ու գերատեսչությունների գործառնական համագործակցությունը։

Միջազգային համագործակցության մասով Հայաստանը  դրական գնահատականներ է վաստակել՝ հատկապես կոռուպցիայի հետ կապված գործերում ցուցաբերած ակտիվության համար։ Բայց նույն մոտեցումը միշտ չէ, որ կիրառվում է այլ հանցագործությունների, օրինակ՝ թմրանյութերի թրաֆիքինգի դեպքում։

Զեկույցը դրական է գնահատում այն հսկողությունը, որը խոչընդոտում է հանցագործների մուտքն ու ազդեցությունը ֆինանսական համակարգում։ Սակայն վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների և վերջերս կարգավորման ենթարկված ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամների նկատմամբ վերահսկողությունը դեռ պահանջում է ամրապնդում։ Ավելի մտահոգիչ է պատկերը ոչ-ֆինանսական հատվածում. այնտեղ վերահսկողությունը ցուցաբերել է սահմանափակ արդյունավետություն, կիրառված պատժամիջոցները եղել են սակավաթիվ և բավարար չափով զսպող չեն։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, առավել հաճախ չարաշահվում են ՍՊԸ-ները, փակ բաժնետիրական ընկերությունները և, երբեմն, ոչ առևտրային կազմակերպությունները։ Իրական շահառուների ինքնությունը պարզելու համար կիրառվում է բազմակողմ մոտեցում, բայց, ինչպես նշում է MONEYVAL-ը, դեռ պետք է ամբողջությամբ համալրվի իրական շահառուների ռեգիստրը, և ստուգվի դրանում պարունակվող տվյալների ճշգրտությունը։

Հայաստանն իրականացրել է բարեփոխումներ, որոնք արդեն իսկ հանգեցրել են փողերի լվացման քննությունների և հետապնդումների աճի, հատկապես կոռուպցիայի հետ կապված գործերում։ Սակայն համակարգը հիմնականում շարունակում է կենտրոնանալ ներքին հանցագործություններից ստացված միջոցների «ինքնալվացման» գործերի վրա։ Ինչպես նշում է MONEYVAL-ը, փողերի լվացման հանցագործության նեղացնող մեկնաբանությունը սահմանափակում է հետապնդումները, և դատապարտումների թիվը մնում է ցածր։

Ակտիվների վերադարձման ուղղությամբ ևս զգալի ջանքեր են գործադրվել, մասնավորապես՝ քաղաքացիաիրավական բռնագրավման ռեժիմի ներդրմամբ։ Բայց, ինչպես եզրակացնում է զեկույցը, ձեռք բերված արդյունքները դեռ չեն ապացուցում, որ հանցավոր ակտիվների վերադարձն իրապես հետապնդվում է որպես քաղաքականության հստակ նպատակ։ MONEYVAL-ը կոչ է անում համապարփակ վերանայել այս ողջ գործընթացը՝ հետագծումից մինչև բռնագրավում։

Զեկույցի ամենադրական գնահատականներից մեկը վերաբերում է ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հետ կապված նպատակային ֆինանսական պատժամիջոցներին. Հայաստանն այստեղ ցուցաբերել է հուսալի շրջանակ և արդյունավետ համակարգում, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ ռիսկահեն վերահսկողություն։

Գնահատումից հետո Հայաստանը ստացել է Հիմնական երաշխավորված գործողությունների ճանապարհային քարտեզ, որը պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում։ Ստացած գնահատականների հիման վրա Հայաստանը տեղադրվել է ուժեղացված հետագա հսկողության կարգավիճակում և այժմ պարտավոր է MONEYVAL-ին կանոնավոր կերպով հաշվետվություններ ներկայացնել ձեռք բերված առաջընթացի մասին։

 

Leave a comment