Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ազատել նորակառույց մանկապարտեզի տնօրենին՝ սանհանգույցների անմխիթար վիճակի և սանիտարահիգիենիկ կանոնների խախտման պատճառով։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետն ազդարարել է չնախատեսված այցերի շարքի մեկնարկի մասին՝ դպրոցներ, մանկապարտեզներ և զորամասեր՝ նպատակ ունենալով տեսնել հաստատությունների իրական վիճակը՝ առանց նախապես կազմակերպված «շպարված» տեսարանների։
«Ես չնախատեսված այցեր եմ կատարել մի քանի տեղեր և նորակառույց մանկապարտեզներից մեկում ականատես եմ եղել հետևյալ տեսարանի. սանհանգույցում զուգարանակոնքերի վրադիրները կամ ջարդուփշուր եղած են, կամ ընդհանրապես գոյություն չունեն, սանհանգույցը գտնվում է վատ սանիտարահիգիենիկ պայմաններում:
Իհարկե, սա մեզ համար սովորական տեսարան է, բայց սովորական տեսարան է, երբ խարխուլ դպրոցներ կամ մանկապարտեզներ են լինում. մենք տեսնում ենք այդպիսի տեսարան, մի կերպ ինչ-որ ձևով հասկանում ենք, որ այդտեղ պայմանները պահելը շատ դժվար է, բայց երբ խոսքը գնում է նորակառույց մանկապարտեզի մասին, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել: Ընդ որում, երբ ես գնում եմ դպրոցներ, մանկապարտեզներ ընդունելու, տեսնելու, ես նկատում եմ, որ, ասենք օրինակ, զուգարանակոնքերի վրադիրները ամենաբարձր որակի չեն, բայց ես ելնում եմ այն կանխավարկածից, որ տրամաբանական է, որ դրանք ժամանակ առ ժամանակ պետք է փոխվեն:
Այսինքն՝ դա մի բան չէ, որ մենք այնպիսի ներդրում պետք է անենք, որ առաջիկա հինգ տարում դրանք պետք է մնան. դրանք պետք է պարբերաբար փոխվեն, և դա էլ կուլտուրայի մաս է: Էլ չեմ ասում, որ երեխաների կրթության համար հատկապես, ասենք ենթադրենք, աղբի հետ առնչվելու կուլտուրան, սանհանգույցների հետ առնչվելու կուլտուրան շատ էական է: Բայց ես ինչի՞ համար եմ ասում. ես հրահանգել եմ, որ տվյալ մանկապարտեզի տնօրենը ազատվի աշխատանքից»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։