Կառավարությունը 1 ամսվա համար արտահանողներին կվճարի 3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում

Բաժանորդագրվել

Հունիս-հուլիս ամիսներին միրգ արտահանվել է աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 և բանջարեղեն՝ 8 երկիր։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում հունիս ամսվա համար արտահանողներին կվճարի 3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում։ Այսօր կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հունիսին Հայաստանից արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1,5 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի և այլն»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ հուլիսի 7-ի դրությամբ արդեն արտահանվել է 5405 տոննա ծիրան (հունիսի տվյալները ներառյալ)։ Հունիս-հուլիս ամիսներին միրգ արտահանվել է աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 և բանջարեղեն՝ 8 երկիր։ Պապոյանը նշում է, թե տեսանելի գնանկում եղել է միայն լոլիկի դեպքում։

«Մեր խնդիրն այն է, որ առաջիկա մեկ տարում պատրաստվենք այն իրավիճակին, որ գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացվեն, որ մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը շուկաների դիվերսիֆիկացումը կապեց իր հայտարարած «իրական Հայաստանի» գաղափարախոսության հետ՝ նշելով, թե անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։

Leave a comment