Սահմանամերձ գոտում կառուցվող տների բռնագրավումն այլ պարտքերի դիմաց կարգելվի

ՀՀ կառավարությունն առաջարկում է էական փոփոխություններ կատարել սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության պետական աջակցության ծրագրում։ Նախագծի հիմնական նպատակն է պաշտպանել շահառուներին կառուցվող կամ արդեն կառուցված տները կորցնելու ռիսկից, եթե նրանք ունեն այլ վարկային ժամկետանց պարտավորություններ:

Բռնագրավման և արգելանքի բացառում

Ծրագրի իրականացման ընթացքում գործընկեր բանկերը բախվել են խնդիրների, երբ քաղաքացիների այլ պարտքերի պատճառով վտանգվել են պետական աջակցությամբ կառուցվող տները։ Նոր նախագծով սահմանվում է հստակ արգելք.

«Ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագրավվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց»:

Այս կարգավորումն ունենալու է հետադարձ ուժ և տարածվելու է 2023 թվականի հունվարի 1-ից տրամադրված բոլոր վարկերի վրա։

Արտոնություններ զինծառայողների համար և տեխնիկական շտկումներ

Փոփոխություններով մեղմվում են պայմանները պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների համար: Եթե շահառուն դիմելուն նախորդող տարում ծառայել է բանակում և չի բավարարել բնակավայրում հաշվառված լինելու ժամկետի պահանջը, նրա հաշվառման ստաժը կհաշվարկվի մինչև զորակոչվելը։

Բացի այդ, նախագծով կատարվել է տեխնիկական շտկում. Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ բնակավայրի անվանումը ծրագրում կփոխարինվի դրա պաշտոնական նոր անվանմամբ՝ Լեռնակերտ:

Ծրագրի ընթացիկ արդյունքներն ու փոփոխությունները

Ծրագրի ցուցանիշները (առ 17.06.2026)

Նոր փոփոխությունների էությունը

Ում վրա է տարածվում

3,158 ընդհանուր շահառու ընտանիք

Պաշտպանություն պարտքերից. Բնակարանը չի կարող արգելադրվել կամ բռնագրավվել այլ վարկերի պատճառով:

Հետադարձ ուժով՝ 2023թ. հունվարի 1-ից վարկ ստացածների վրա:

2,598 արդեն վարկ ստացած ընտանիք

Զինծառայողների արտոնություն. Հաշվառման ժամկետը կստուգվի մինչև բանակ զորակոչվելը:

Ծրագրին դիմելուց առաջ 1 տարվա ընթացքում զորացրվածների վրա:

Leave a comment