ԱՄՆ-ի և Իրանի միջև երեք շաբաթ տևած հաճխուռն զինադադարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիվանագիտական մանևրների ժամանակ և տարածություն տվեց, սակայն այն անբավարար եղավ պատմության մեջ ամենամեծ նավթային շոկի հետևանքները վերացնելու համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Վաշինգտոնի և Թեհրանի միջև հունիսի 18-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո նավթի գները սկսեցին նվազել: Շուկաները դրական արձագանքեցին Հորմուզի նեղուցով՝ նավթի մատակարարման համաշխարհային առանցքային երթուղով, տեղաշարժի մասնակի վերսկսմանը: Անցյալ շաբաթ նավթի արժեքը նվազեց մինչև հակամարտության սկսվելուց առաջ գրանցված մակարդակից ցածր ցուցանիշ, իսկ ԱՄՆ-ում բենզինի գները սկսեցին աստիճանաբար անկում ապրել:
Ընդսմին, վերլուծաբանների կարծիքով, երեք շաբաթը բավարար չեղավ մատակարարումների ընդհատումների պատճառով սպառված վառելիքի ռազմավարական և առևտրային պաշարները վերականգնելու համար:
Իրավիճակը մնում է անորոշ. դեռևս հայտնի չէ՝ Մերձավոր Արևելքում նոր սրացումը կարճատև դրվագ կդառնա՞, թե՞ կհանգեցնի լիամասշտաբ հակամարտության վերսկսմանը: Թրամփը չորեքշաբթի հայտարարել է Հորմուզի նեղուցի ամերիկյան ռազմածովային շրջափակման հնարավոր վերականգնման մասին, սակայն այս պահին դրանով նավագնացությունը շարունակվում է, թեև բարձր ռիսկերով:
Lipow Oil Associates ընկերության նախագահ Էնդի Լիպոուի գնահատմամբ՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում նեղուցով անցել է շուրջ 200 միլիոն բարել նավթ, մի ծավալ, որը համադրելի է համաշխարհային սպառման մոտ երկու օրվա հետ:
Ընդ որում, մոտ 60 միլիոն բարելը բաժին է ընկել իրանական նավթին, որի գնորդներին ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո սահմանափակ ժամկետ էր տրամադրվել գործարքներն ավարտելու համար:
Չնայած բաց նեղուցին՝ նավթափոխադրումների արժեքը ռիսկերի պատճառով զգալիորեն աճել է: Վերլուծաբանների տվյալներով՝ Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս գտնվող շրջաններից դեպի Ասիա նավթի տեղափոխումը մեկ լցանավի համար արժենում է մոտ 4-5 միլիոն դոլար, մինչդեռ նեղուցի ներսում գտնվող տարածաշրջանից փոխադրումը կարող է արժենալ 8-10 միլիոն դոլար:
Նեղուցով նավերի տեղաշարժի ծավալն այժմ կազմում է սովորական մակարդակի մոտ մեկ երրորդը: Մի քանի նավթային և գազային լցանավեր անվտանգության նոր սպառնալիքներից հետո նույնպես ստիպված են եղել փոխել երթուղին:
Ռիսկերի աճի ֆոնին նավթի գները դարձյալ սկսել են բարձրանալ: Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները մոտեցել են բարելի դիմաց 78 դոլարին՝ աճելով մոտ 4%-ով։ Սակայն շուկան իրավիճակը դեռևս գնահատում է որպես նվազ կրիտիկական, քան հակամարտության մեկնարկից անմիջապես հետո:
ԱՄՆ-ի համար գլխավոր խնդիրներից մեկը մնում է նավթային պահուստների վիճակը: Երկրի ռազմավարական նավթային պահուստը ճգնաժամի սկսվելուց հետո էականորեն կրճատվել է և այժմ կազմում է մոտ 319,5 միլիոն բարել, ինչը 23%-ով պակաս է մինչպատերազմյան մակարդակից և ամենացածր ցուցանիշն է 1983 թվականին դրա ձևավորման սկզբից ի վեր:
Լրացուցիչ մտահոգություններ են առաջացնում նավթի առևտրային պաշարները: Օկլահոմա նահանգի Քուշինգ քաղաքում գտնվող ամերիկյան խոշորագույն նավթապահեստարանում պաշարները մնում են այն մակարդակից ցածր, որն անհրաժեշտ է ենթակառուցվածքների կայուն գործունեության համար: Չնայած անցյալ շաբաթ գրանցված չնչին աճին՝ դրանք կազմում են 20 միլիոն բարելից պակաս:
Ավելի վաղ Թրամփը նախազգուշացրել էր, որ նավթային ճգնաժամի շարունակումը կարող է ԱՄՆ-ի համար լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել: «Ես չէի ցանկանա տնտեսական աղետ տեսնել»,- հայտարարել էր նա հունիսի վերջին՝ խոսելով հակամարտության շարունակման ռիսկերի մասին:
Նոր լարվածության ֆոնին ներդրողները պահպանում են զգուշավորությունը. ֆոնդային շուկան զսպված է արձագանքել, սակայն ԱՄՆ 10-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է մինչև 4,57%՝ հասնելով մայիսի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին, երբ նավթի գները հասնում էին իրենց գագաթնակետին: