Հայաստանից Վրաստան ներմուծվող ավելի քան 22 000 վարդի մուտքը կանխվել է
Վրաց-հայկական սահմանին կանխվել է Հայաստանից ներկրվող կտրած վարդերի խոշոր խմբաքանակի մուտքը։ 22 290 ծաղիկ ֆիտոսանիտարական ստուգումից հետո պահվել են անցակետերում և վերադարձվել արտահանող երկիր, հայտնում է Jnews.ge-ն։
Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ խախտումները հայտնաբերվել են «Սադախլո» և «Նինոծմինդա» անցակետերում։ Տեսուչները ծաղիկների վրա հայտնաբերել են կենդանի վնասատուներ և դրանց կենսագործունեության հետքեր, ինչը չի համապատասխանում Վրաստանի ֆիտոսանիտարական պահանջներին։
Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի N463 որոշման համաձայն՝ ամբողջ խմբաքանակը վերադարձվել է ուղարկողին։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկիր է ներմուծվել ավելի մեծ ծավալի ծաղկային արտադրանք։ Ներմուծման առաջատարը Էկվադորն է՝ 608 տոննա և 5,2 միլիոն դոլար արժեքով, երկրորդ տեղում Հայաստանն է՝ 588 տոննա և 2,6 միլիոն դոլար արժեքով, իսկ երրորդում՝ Նիդերլանդները՝ 101 տոննա և 1,6 միլիոն դոլար արժեքով։
Վրացական կողմը նշում է, որ ֆիտոսանիտարական վերահսկողությունը կարևոր է գյուղատնտեսության և ջերմոցային տնտեսությունների համար վտանգավոր վնասատուների տարածումը կանխելու և ներքին շուկան պաշտպանելու համար։