ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արթուր Նաջարյանը։ Արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հուշագրի նպատակը սոցիալական գործընկերության խթանումն է՝ երիտասարդության ոլորտում համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանը։
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական գործընկերության հուշագիրն առաջմղման մոտիվացիա է թե՛ նախարարության, թե՛ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի համար:
«Ուրախ եմ, որ սոցիալական գործընկերությունը հաստատվում է նաև ստորագրված հուշագրով. միասին կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի ու երիտասարդների զորեղացման»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կազմակերպության ակտիվ գործունեությունը երիտասարդական միջավայրերի ձևավորմանն ուղղությամբ։
«Մեզ համար սա ուղղակի փաստաթղթի ստորագրում չէ. այն, կարծում եմ, մեր ընդհանուր տեսլականի և պարտավորության հաստատումն է»,- ասել է Արթուր Նաջարյանը՝ ընդգծելով, որ պետության հետ այսօրինակ գործընկերությունը դրական արձագանք է գտնում նաև միջազգային հարթակներում:
Նշվել է, որ համագործակցության հիմքում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններն են, մասնավորապես՝ երիտասարդական միջավայրերի ձևավորման միասնական մոտեցումները: Ըստ այդմ՝ համայնքներում հիմնված երիտասարդական կենտրոններում 13-35 տարեկան երիտասարդների համար կմատուցվեն տարատեսակ ծառայություններ՝ միտված նրանց ներուժի բացահայտմանը, կարողունակությունների զարգացմանը, ակտիվ քաղաքացիության գործադրմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, իրազեկվածության բարձրացմանը:
Դիտումների քանակ6