Ռուբեն Մելիքյանին 23 տարի դասախոսելուց հետո հեռացրել են ԵՊՀ–ից

Բաժանորդագրվել

Մելիքյանը ԵՊՀ ղեկավարության որոշումը կամայականության և ապօրինության դրսևորում է որակել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է Երևանի պետական համալսարանից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել է ինքը՝ Մելիքյանը` հայտնելով, որ ծանուցում է ստացել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից։

Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ից ինքն այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։

«Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել բուն դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառում։ Հակառակ մեծ զբաղվածությանս` համալսարանական նոր սերունդների կրթությանը տասնամյակներ շարունակ իմ լուման ներդնելու որոշումս առաջին հերթին պայմանավորված է եղել իմ Մայր կրթօջախի նկատմամբ ունեցածս բարոյական պարտավորությամբ։ Ուստի Մայր բուհում 23-ամյա դասախոսական աշխատանքս ավարտում եմ հանգիստ խղճով ու բացճակատ»,– գրել է նա։

Իրավապաշտպանը ԵՊՀ ղեկավարության որոշումը կամայականության և ապօրինության դրսևորում է որակել` այն կապելով, իր բնորոշմամբ, գիտակրթական համակարգում իրականացվող «վեթինգի» հետ։

«Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչ է գիտակրթական համակարգի վեթինգը։ Այս առումով, իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը»,– նշել է Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ շարունակելու է իր կրթական և գիտական գործունեությունը։ Մոտ օրերին, ըստ նրա, կհայտարարվի «Մխիթար Գոշի Հայոց դատաստանագրքի» վերաբերյալ շուրջ վեց տարվա աշխատանքի արդյունքում պատրաստված մենագրության շնորհանդեսի օրը։

Leave a comment