ՍԴ-ն կորոշի Ղազախստանի հետ գաղտնի տեղեկություն փոխանակել, թե ոչ
Աստանայում նախորդ տարի ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն կտրվի։
Օրենսդրական նախագիծը վաղը գործադիրր մարմնի անդամներին կներկայացնի Ազգային անվտանգության ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը։
Սակայն միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով պետք է դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Երբ Սահմանադրական դատարանը որոշի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման դեպքում կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, գիտատեխնիկական կամ որևէ այլ համագործակցության շրջանակներում փոխանացվող, ստացվող, ինչպես նաև այդպիսի համագործակցության ընթացքում ստեղծվող գաղտնի տեղեկատվության պահպանության և պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Համաձայնագրով կանոնակարգված են նաև գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովման, գաղտնի տեղեկությունների փոխանցման, դրանց օգտագործման, իրավասու մարմինների փոխգործակցության, գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության պահանջների հնարավոր խախտումների դեպքերում իրականացվող գործողությունների հետ կապված հարաբերությունները:
Ի դեպ, պհայկական կողմից համաձայնագրի իրականացման համար իրավասու մարմին է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն: