Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բաց հրավեր է հայտարարել Հանրապետության հրապարակի թանգարանային համալիրի՝ ստորգետնյա տարածքների ներառմամբ ընդլայնման ճարտարապետական հայեցակարգերի հավաքագրման համար։ Առաջարկները կարող են ներկայացնել ճարտարապետներ, քաղաքաշինարարներ, թանգարանային ոլորտի և մշակութային ժառանգության պահպանության մասնագետներ, իսկ հայտերի ընդունումը կշարունակվի հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց հրավեր՝ ուղղված Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող՝ Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման և զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը։
Կարող են դիմել՝
- ճարտարապետական կազմակերպություններ,
- քաղաքաշինարարներ,
- կառուցվածքային և ինժեներական նախագծողներ,
- թանգարանային և ցուցադրական տարածքների նախագծման մասնագետներ,
- պատմամշակութային ժառանգության պահպանության մասնագետներ,
- լանդշաֆտային ճարտարապետներ,
- ինտերիերի և ցուցադրության դիզայներներ,
- արվեստագետներ,
- թանգարանագետներ և մշակութային կառավարման մասնագետներ,
- հնագետներ և հետազոտական հաստատություններ, միջգիտակարգային խմբեր։
Խրախուսվում է տարբեր ոլորտների մասնագետների համատեղ մասնակցությունը։ Թիմում ցանկալի է ունենալ առնվազն ճարտարապետության, ինժեներական նախագծման, ժառանգության պահպանության և թանգարանային գործունեության փորձառություն ունեցող մասնագետներ»,- ասված է հաղորդագրությունում։