Հասարակություն
08.07.2026 | 11:33
Քննչական կոմիտեն ավարտել է Չարենցավանի դատարանում դատական նիստի ընդմիջման ընթացքում տեղի ունեցած միջադեպի նախաքննությունը։ Ըստ վարույթի տվյալների՝ տուժողի ներկայացուցիչներն ու մեղադրյալները քաշքշել, հայհոյել են միմյանց, վնասել դատարանի գույքը, իսկ միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաև դատարանի կարգադրիչը։ 18 անձի մեղադրանք է առաջադրվել խմբակային խուլիգանության համար, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 1-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում, դատական նիստի ընդմիջման ժամանակ, տուժողի ներկայացուցիչները և մեղադրյալները դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, քաշքշել և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վնասել են դատարանի գույքը՝ խաթարելով դատական նիստի բնականոն ընթացքը:
Նշված միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել դատական նիստի ընթացքում ծառայություն իրականացնող կարգադրիչը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։