«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ինձ մոտ եկել են մարդիկ, մշակույթի գործիչներ, ինձ ասում են՝ էս 700 միլիարդը բա ո՞վ ա կերել։ Կարելի՞ ա պատկերացնել, թե 900 միլիարդից 700-ը կարելի ա ուտել, Իշխա՛ն»,- դեռևս 2013-ին հանրապետության նախագահի և Վերահսկիչ պալատի նախագահի միջև ծավալված այս խոսակցությունը մինչ օրս շատերն են հիշում։ 

Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակային քննադատեց Իշխան Զաքարյանին․ պատճառը Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ տեղ գտած ձևակերպումն էր, որ պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ դրամ, վտանգված է։ Սարգսյանը դա որակեց «շատ սխալ ու անհեռատես հայտարարություն»։ 13 տարի անց այս քննարկման երկու մասնակիցների ունեցվածքն էլ վտանգված է։

Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 3-ին վճռեց մասնակի բավարարել Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մասով դատախազության հայցադիմումը։

3-րդ նախագաից կբռնագանձվի՝

-Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,

-Նույն փողոցում գտնվող ավտոկայանատեղին,

-Եվս մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,

-Բանկում ներդրված ավանդները և դրանց տոկոսագումարները, ընդհանուր՝ 277,714,000 դրամ,

-352 միլիոն 438 հազար դրամ։

Դատաքննությունն առաջին ատյանի դատարանում  դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ մեկնարկել էր  2022 թվականի հոկտեմբերին։ Փաստաբան Վահագն Գրիգորյանի խոսքով՝ մասնակի բավարարումը վերաբերում է անշարժ գույքերին։

«Միայն անշարժ գույքերի՝ ավտոկայանատեղիի ու բնակարանի մասով ներկայացվել էր ամբողջական բռնագանձման պահանջ բավարարվել էր մասնակի։ Մնացած ամեն ինչը բավարարվել է»,-նշում է Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը։

Ի սկզբանե գործով անցնում էին Սերժ Սարգսյանի ընդտանիքի բոլոր անդամները, սակայն հետագայում դատախազությունը հրաժարվեց Անուշ Մինասյանի դեմ ներկայացված հայցապահանջից: Նշենք, որ Անուշ Մինասյանը Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի կինն է։ Փաստաբանը պնդում է՝ գույքի ձեռքբերման վերաբերյալ իրենց հիմնավորումները դատարանը հաշվի չի առել։ Վճիռը բողոքարկելու են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։

«Մենք ամբողջությամբ, կարելի է ասել, այդ բոլոր կետերի մասով մեր պնդումները ներկայացրել ենք, բայց դրանցից որևէ մեկը հաշվի չի առնվել, իսկ այստեղ խոսքը շատ ակնհայտ փաստերի մասին է»,-ասում է փաստաբանը։

Թե ինչ հանգամանքների մասին է խոսքը, փաստաբանը չասաց։ Դրանց մասին կբարձրաձայնեն, երբ որոշմանն ավելի մանրամասն ծանոթանան։ 

2013-ի խրոհրդակցության ժամանակ նա նաև ասել էր․ «Դուք պարզ պիտի հասկանաք՝ որևէ մեկը ձեր կարծիքը չի ակնկալում լսել, բոլորի համար մեկ է, թե դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին։ Դուք հիասթափված եք, ոգևորված եք։ Ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել»։

2013-ի հայտնի խորհրդակցության մյուս մասնակցի՝ Իշխան Զաքարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի  վերաբերյալ դատարանի վճիռը հրապարակվել է հունիսի 27-ին, սակայն այս դեպքում Զաքարյանը հաշտություն է կնքել դատախազության հետ։ Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։

Նշենք՝ Իշխան Զաքարյանի հասցեին սուր քննադատությունից հետո Սերժ Սարգսյանը 2013թ․ նոյեմբերին նրան կրկին առաջադրեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։

Զաքարյանը տարբեր փուլերում եղել է նաև խորհրդարանում․ 1995-1999-ին՝ ԱԺ պատգամավոր, 2007-ին՝ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր և ԱԺ փոխնախագահ, իսկ 2017-2019-ին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր։ 

Իշխան Զաքարյանը պատգամավոր է դարձել նաև Սերժ Սարգսյանի առաջնորդած դաշինքով, վեց ամիս անց լքել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ու դարձել անկախ պատգամավոր: 

Նա «Քաղաքացիական պայմանագրի» հետ կողմ է քվեարկել, որ իշխանության թեկնածուն՝ Վահագն Խաչատուրյանը, ընտրվի Հայաստանի նախագահ: Զաքարյանը խորհրդարանում ամենաշատը բացակայած պատգամավորներից մեկն է։ 2024-ին կարճվել է նաև Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 2021 թվականի ընտրություններից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

 

 

Leave a comment