Դատավորին որևէ հանգամանք չհետաքրքրեց․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկու ամսով կալանքը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատարանը ոչ միայն բավարարել է կալանքի միջնորդությունը, այլև իրավաչափ է ճանաչել Ծառուկյանի ձերբակալությունը, թեև, նրա խոսքով, այդ հարցը դատական նիստում չի քննարկվել։
«Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ երկու ամիս կալանքի մասով։ Նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունն այն դեպքում, երբ դրա վերաբերյալ դատարանում որևէ քննարկում չի եղել։ Ո՛չ դատավորն է հարցեր տվել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել։ Այնպիսի տպավորություն էր, կարծես որոշումն արդեն նախապես պատրաստված լիներ, և անհրաժեշտ լիներ միայն ապահովել դատավարության ձևական ընթացքը։
Եթե դատարանը պետք է գնահատեր, թե ձերբակալումն իրավաչա՞փ էր, թե՞ ոչ, ապա գոնե պետք է այդ հարցով հետաքրքրվեր կողմերի դիրքորոշմամբ։ Սակայն դատավորին որևէ հանգամանք չհետաքրքրեց։ Տպավորություն էր, որ նա պարզապես սպասում էր գործընթացի ավարտին՝ որոշումը հրապարակելու համար։
Մեզ համար այս որոշումն անակնկալ չէր։ Այն պահից, երբ սկսվեցին այս, մեր գնահատմամբ, ապօրինի գործողությունները, մենք կանխատեսում էինք նման զարգացում, որովհետև սա ուղիղ հանձնարարականի արդյունք է։ Այդ հանձնարարականը հրապարակայնորեն հնչել էր, և այժմ մենք տեսնում ենք դրա հետևանքը»,- ասել է Սարգսյանը։