Էրդողանի ու Թրամփի հանդիպման ընթացքում կքննարկվի «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ Ջևդեթ Յըլմազ

Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նա նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ քննարկվելու է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ հարցեր։

«Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները մեծ մասամբ լուծված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը», – հայտարարել է Յըլմազը։

Փոխնախագահը նշել է, որ օրակարգի հիմնական հարցերից մեկը Զանգեզուրի միջանցքն է։

«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը»։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի», – ընդգծել է նա։

Ջևդեթ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment