Անցյալ տարի ՆԱՏՕ-ի պաշտպանության ոլորտում ներդրվել է 37 միլիարդ դոլար․ Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նա նշել է, որ մինչև հաջորդ տարի ռազմական դաշինքը կարտադրի 4 միլիոն հրետանային արկ։
«Այսօր առավոտյան ստորագրվել են կարևոր պայմանագրեր և արվել են կարևոր հայտարարություններ։ Այս պայմանագրերի արժեքը տասնյակ միլիարդավոր դոլարների է հասնում, և դրանց արժեքը շարունակում է աճել», – հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն, իր հերթին, ընդգծել է․ «Մենք պետք է մեր դաշինքի անվտանգությունն ամրապնդենք ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ գործողություններով»։
Խոսելով դաշինքի նոր պաշտպանական նպատակների կարևորության մասին՝ նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու պարտավորությունը մեծ նշանակություն ունի։
«Ընթացիկ պատերազմներն ու հակամարտությունները ցույց են տվել, որ մարտադաշտում հաջողությունը կախված է ոչ միայն զենք-զինամթերքի առկա պաշարներից, այլև դրանք արագ արտադրելու և փոփոխվող պայմաններին արագ հարմարվելու կարողությունից։ Այս հանձնառությունը դաշինքի կամքի հստակ դրսևորում է՝ ամրապնդելու իր զսպման դիրքը և ընդլայնելու պաշտպանական արտադրությունը», – նշել է Յաշար Գյուլերը։
Գագաթնաժողովին մասնակցելու համար Անկարա է ժամանել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ակնկալվում է նաև, որ Թրամփը կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ և կմասնակցի ՆԱՏՕ-ի ղեկավարության նիստերին։