Ամենամեծ խնդիրները կապված են ատոմակայանի և երկաթուղու հետ, այլ ոչ թե, որ ՌԴ-ն չի գնում հայկական լոլիկը, կոնյակը. Դավիթ Ստեփանյան

Ամենամեծ խնդիրները կապված են ատոմակայանի և երկաթուղու հետ, այլ ոչ թե, որ ՌԴ-ն չի գնում հայկական լոլիկը, կոնյակը. Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախօրեին Եկատերինբուրգ Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական մեսիջը Ռուսաստանի պատճառով և Ռուսաստանի մեղքով ծառացած խնդիրները լուծելու Հայաստանի պատրասատակամության արտահայտումն է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Քաղաքագետի գնահատմամբ Հայաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է լուծումներ գտնել, պատրաստ է բանակցել, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և, որ ցանկություն ունի լուծել այն խնդիրները, որոնք այս պահին Ռուսաստանը հարուցում է Հայաստանի համար Հայաստանի տարածքում:

«Ամենամեծ խնդիրը այս պահին այն չէ, որ Ռուսաստանը չի գնում հայկական լոլիկը, կոնյակը կամ ջերմուկը: Ամենամեծ խնդիրը դա երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրն է: Որովհետև Ռուսաստանը այս պահին հարուցում է մեծ խնդիրներ: Տարածաշրջանի կոմունիկացիոն վերաբացումը, որի նախագիծը այս պահին դրված է սեղանին, որտեղ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ Ռուսաստանի կողմից չի ընկալվում և չի ընդունվում: Երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, որն այս պահին ռուսների տրամադրության տակ է լուրջ խնդիր է հարուցում մեզ համար: Նույն այդ երեք գիծը, որ պատրաստվում են կառուցել Հայաստանում Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ Ռուսաստանը չի անում և չի թողնում, որ դա անենք մենք: Սա ամենամեծ խնդիրն է, որն այս պահին պետք է լուծվի»,-նշել է Ստեփանյանը:

Քաղաքագետի խոսքերով հայ-ռուսական հարաբերությունների մեկ այլ խնդիր ատոմակայանն է: 

«ՌՈՍԱՏՈՄ-ը նախօրեին հերթական անգամ առաջարկել է ատոմակայն կառուցել Հայաստանում: Այն դեպքում, երբ այս ուղղությամբ հիմնական բանակցություննեն ընթանում են ԱՄՆ-ի հետ: Այս երկու ամենակարևոր առանցքային խնդիրներն են, որոնք այս ամենի հիմքում են ընկած: Իմ գնահատմամբ լոլիկի և ծիրանի խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում զբաղեցնում են 10-րդ տեղը և սա լավագույն դեպքում»-նշել է Դավիթ Ստեփանյանը՝ հավելելով.  «Վարչապետը գնացել է Եկատերինբուրգ՝ հանդիպելու Միշուստինին, որպեսզի Միշուստինը այդ ամենը հասցնի Պուտինին, որպեսզի Պուտինը հասկանա, որ Հայաստանի հետ պետք է բանակցել և որ միակ լուծումը դա բանակցություններն են և կոնսենսուսը այս հարցում»:

Ըստ քաղաքագետի Նիկոլ Փաշինյանին սպասվում են շատ դժվար բանակցություններ Պուտինի հետ, որոնք բանախոսի գնահատմամբ լինելու են, բայց թե ինչով են կարող են ավարտվել հստակ չէ:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Պուտինի հետ հնարավոր հանդիպումների մասին հայտարարություններից հետո նախօրեին ՌԴ նախագահի հետ չհանդիպելը չի խոսում Մոսկվայի տրամադրվածության մասին և մեսիջ չէ, քաղաքագետը նշեց, որ նման ձևերով ռուսական կողմը փորձում է դիրքորոշում վաճառել:

«Ռուսները թանկացնում են: Փորձում են բանակցային բարենպաստ դիրքեր ձեռք բերել իրենց համար: Սա քաղաքականություն է, դիվանագիտություն է, որպեսզի ավելի թանկ վաճառեն իրենց դիրքորոշումը այս կարևոր հարցերում որոնք վերաբերվում են ատոմակայանին և երկաթուղուն: Բանակցությունները գնալու են այս երկու կարևորագույն հարցերի շուրջ, մնացած հարցերը՝ Եվրամիություն, դեպի ԵՄ Հայաստանի ճանապարհ, լոլիկ և այլն իհարկե բանակցային գործընթացի մաս են, բայց դրանք ամենակարևորները չեն: Դրա համար իրենք փորձում են թանկ վաճառեն սեփական դիրքորոշումը այս հարցերի շուրջ»,-նշել է Ստեփանյանը:

Նրա գնահատմամբ Հայաստանի դեմ լծակ է նաև այն հանգամանքը, որ մինչև այսօր խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո ՌԴ նախագահը դեռ չի շնորհավորել ՀՀ վարչապետին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի համար էլ ձեռնտու չէ ամողջովին չփչացնել ՀՀ-ՌԴ հարաբերությունները, և թե արդյո՞ք կան այնպիսի կետեր հանուն որոնց Մոսկվան չի ցանկանա Երևանի հանդեպ ճնշումները ուժեղացնել՝ հարաբերություններն ամբողջովին չփչացնելու համար, բանախոսը նշեց.

«Ունենք բազմաթիվ կետեր: Նույն ատոմակայանի շուրջ բանակցությունները այդ կետերից մեկն է: Նույն ԹՐԻՓ նախագիծը՝ ԱՄՆ-ի ներկայությամբ, այդ կետերից մեկն է: ԵՄ ներկայությունը Հայաստանում այդ կետերից մեկն է: Այժմ Հարավային Կովկասի համար գնում է շատ լուրջ պայքար: Աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների մասնակցությամբ: Ռուսաստանը այդ պայքարում ակնհայտ աութսայդեր է: Իրենք փորձում են իրենց դիրքերը պահպանել տարածաշրջանում՝ իրենց լծակները օգտագործելով՝ հիմնականում տնտեսական լծակները, ռազմաքաղաքական կարելի է ասել այլևս չունեն»,-նշել է քաղաքագետը:

Ստեփանյանի գնահատմամբ այս համատեքստում պատահական չէր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցը: «Եկել էր այդ թվում այդ նպատակով: Մոսկվայում դա շատ լավ հասկանում են: Այնպես չի, որ այս պահին մենք միայնակ ենք կանգնած Ռուսաստանի առջև և ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ գիտակցում է»,-նշել է Ստեփանյանը:

Քաղաքագետը իր խոսքում նաև անդրադարձ կատարեց այն հարցին, թե արդյո՞ք նման իրավիճակում ՀՀ-ն կարողանում է մանևրել և բալանսավորված հարաբերություններ պահպանել արևմուտքի և ՌԴ-ի հետ:

«Այս պահին հարցը այնպես դրված չէ, որ Հայաստանը պետք է մանևրի կամ բալանսավորի: Հարցն այլ կերպ է դրված: Մենք հիմա դիվանագիտությունը դնում ենք մի կողմ: Դիվանագիտական հայտարարությունները: Հայաստանը պետք է հնարավորինս Ռուսաստանի ներկայությունը իր տարածքում փոքրացնի: Դա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է վերջնականապես դուրս մղվի այստեղից: Այսինքն տնտեսական որոշակի ներկայություն իրենք պետք է ունենան, բայց այդ ներկությունը չպետք է լինի մոնոպոլ: Ատոմակայան, երկաթուղի, հայ-իրանական և հայ թուրքական սահման հետագայում 102-րդ բազա, այս բոլոր կարևոր լծակներից Ռուսաստանը պետք է զրկվի: Սա է քաղաքականության ամբողջ իմաստը, և Ռուսաստանի հիմնական մտավախությունները գալիս են այ այստեղից, որովհետև Հայաստանը եթե շարունակի [ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ] Քոչարյանի ժամանակներից ստեղծված Ռուսաստանի ներկայությունը պահպանել, ապա իր հետագա գոյությունը և զարգացումը դնում է լուրջ մարտահրավերի տակ»,-նշել է բանախոսը:

Քաղաքագետը նաև նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի և արևմուտքի միջև մանևրելու խնդիր չունի՝ բացատրելով, որ դիվանագիտական մակարդակով կարելի է այդ մասին խոսել, բայց իրական քաղաքականությունը տարածաշրջանում բոլորովին այլ է:

«Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև Հայաստանի մանևրումը չի բխում երկրի շահերից»,-եզրափակել է Դավիթ Ստեփանյանը:

Leave a comment