Ալիևն ամերիկացի սենատորի հետ հանդիպմանն ընդգծել է «Թրամփի հատուկ դերը» Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում

Քաղաքականություն

07.07.2026 | 12:20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 7-ին ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ու Եվրոպական և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ Սթիվ Դեյնսին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետում համագործակցության և փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, դրանք բարձրացել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը շատ կարևոր է երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի համար։

Ալիևը նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները նույնպես բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով նրա «հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում»։

Ամերիկացի սենատորը, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները վերջերս հաջողությամբ են զարգանում՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոն կատարած այցը նշանակալի իրադարձություն էր։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային կապերի առումով, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ Սենատի միջև երկխոսության ամրապնդման ու գործընկերության հեռանկարների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment