Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիա է ժամանել՝ բանակցությունների։ Սա եվրոպական պետության ղեկավարի առաջին այցն է Սիրիա՝ 2024 թվականին Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո, գրում է Euronews-ը։
Սիրիական պետական SANA գործակալության հաղորդմամբ՝ ֆրանսիական պատվիրակության կազմում են նաև գործարարներ և ներդրողներ: Այցի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև բիզնեսի և ներդրումային հնարավորությունները։ Մակրոնին Դամասկոսի օդանավակայանում դիմավորել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին։
«Ես եկել եմ վերահաստատելու Ֆրանսիայի հավատարմությունը սիրիացի ժողովրդին: Հավատարմությունն ինքնիշխան Սիրիային՝ միավորված իր բազմազանության և հարևանների հետ խաղաղության մեջ։ Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր գլուխ», – գրել է Մակրոնը սոցիալական ցանցերում։
Մինչ երկու առաջնորդների՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելը՝ Մակրոնը կհանդիպի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։
Մինչ այդ, ֆրանսիական BFMTV հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում ալ-Շարաան նշել է Ֆրանսիայի «կառուցողական դերը» Բաշար Ասադի տապալմանը հաջորդած անցումային գործընթացում։
«Մակրոնը Սիրիայում մեզ հետ երկխոսության է ձգտել և ուշադիր հետևել է անցումային գործընթացի յուրաքանչյուր քայլին ու փուլին»,- ասել է ալ-Շարաան՝ հավելելով, որ իր ֆրանսիացի գործընկերը նպաստել է Դամասկոսի դեմ միջազգային պատժամիջոցների վերացմանը։
Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Մակրոնը երեքշաբթի մի շարք հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ Սիրիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այնուհետև նա բանակցություններ կվարի ալ-Շարաայի հետ։ Կողմերը կքննարկեն տնտեսական հարցեր, նախատեսվում է փոխըմբռնման հուշագրերի ստորագրում։ Հանդիպումներից հետո առաջնորդները համատեղ մամուլի ասուլիս կտան։
Մակրոնն ալ-Շարաային հյուրընկալել էր Փարիզում 2025 թվականի մայիսին։ Այդ ժամանակ նա կոչ էր արել եվրոպացի և ամերիկացի առաջնորդներին վերացնել Դամասկոսի դեմ երկարատև պատժամիջոցները։ Դրանց մեծ մասը հետագայում վերացվել է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի