Առաջիկա շաբաթներին ԵՄ առևտրի մասնագետները կայցելեն Հայաստան՝ անմիջականորեն աշխատելու արտադրողների և արտահանողների հետ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Առաջիկա շաբաթներին ԵՄ առևտրի մասնագետները կայցելեն Հայաստան՝ անմիջականորեն աշխատելու արտադրողների և արտահանողների հետ, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Այցի նպատակն է աջակցել նրանց Եվրոպայում և այլ շուկաներում նոր գնորդներ գտնելու հարցում։
Պատվիրակությունը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին ցուցաբերում է նաև գործնական աջակցություն 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթին զուգահեռ, որից 34 միլիոն եվրոն արդեն տրամադրվել է, իսկ 18 միլիոն եվրոյի հատկացումը նախատեսվում է առաջիկայում։
Ինչպես նախորդ շաբաթ Երևան կատարած այցի ընթացքում ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը. «Հայաստանը կարող է ապավինել մեզ»։
ԵՄ պատվիրակությունը նաև հայտարարել է, որ հայ արտադրողներն ավելի լայն հասանելիություն են ստանում ԵՄ շուկային։ Եվրոպական միությունն առաջարկում է Առևտրի ինքնավար միջոցառումներ, որոնց շնորհիվ Հայաստանից դեպի ԵՄ արտահանման գրեթե 80 տոկոսը կազատականացվի։
Այս միջոցառումները, ըստ հայտարարության, կընդգրկեն թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ը, ինչպես նաև ըմպելիքների և ալկոհոլային խմիչքների ավելի քան 91%-ը, որոնք ամենաշատն են տուժել Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումներից։
ԵՄ-ն հայտարարում է, որ նպատակ ունի աջակցել հայկական բիզնեսներին՝ դիվերսիֆիկացնելու իրենց արտահանման շուկաները և ստեղծելու նոր հնարավորություններ Եվրոպայում՝ 450 միլիոն սպառող ունեցող շուկայում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպական միությունը Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ առևտրի ամրապնդման և դիվերսիֆիկացման համար։ Այս միջոցները նախկինում հայտարարված 52 միլիոն եվրո բյուջետային աջակցության փաթեթի վերջին մասն են և կարող են օգտագործվել, մասնավորապես, արտահանման աջակցության գործակալություն ստեղծելու համար:
ՌԴ–ում Հայաստանից մատակարարվող արտադրանքի սահմանափակումների մասին
Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
Ռոսսելխոզնադզորի սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային խմիչքները, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը։
Գերատեսչությունում որպես պատճառ են նշել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը գործելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ ալգորիթմի մշակումը։