2026թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի հունիս ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Հունիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 43․3 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 82 գործարք՝ ավելի քան 33․3 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 29%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 129% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան    17․2 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1862 գործարք՝ հունիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 202 կորպորատիվ պարտատոմսերով։ Ընթացիկ ամսում իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 213․3 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 492․7 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 10%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 7.43%։ Բաժնետոմսերով կնքվել է 290 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 28.9 մլրդ ՀՀ դրամ: Հունիս ամսին կնքվել է 211 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 398%-ով։

Հունիսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 15 գործարք՝ ավելի քան 1․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել է 367.90-ից 368․65 դրամի միջակայքում։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

Leave a comment