Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը սաուդյան «Ալ Ահլի» կայացել է, գրում է Championat.com-ը։

Արաբ հանրահայտ լրագրող Ահմեդ Ալ-Լուկանը սոցցանցերում հայտնել է, որ 26-ամյա կիսապաշտպանը Պորտուգալիայում բուժզննում է անցել սաուդյան ակումբի համար ու կնքել պայմանագիր, որը նախատեսված է 4 տարով և ունի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։

Սպասվում է, որ Սպերցյանը նոր թիմին կմիանա Ավստրիայում կայանալիք հավաքի ընթացքում:

Ավելի վաղ հայտնի էր, որ Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 25 միլիոն եվրո է վճարելու Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար։ «Ալ Ահլիում» նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո` գումարած բոնուսները։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, պայմանագիրը նախատեսված էր մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

«Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է։ Թիմը Սաուդյան Արաբիայի 9-ակի չեմպիոն է։

Leave a comment