Մերձավոր Արևելքի պատերազմը նվազեցրել է Ֆրանսիայի վառելիքային հարկերից ստացվող եկամուտները

Մայիսի վերջին Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսքյուրը հայտարարել էր, որ մայիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի սպառումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14%-ով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով վառելիքի գների աճի պատճառով։ Այս մասին գրել է ֆրանսիական Le Monde թերթը։

Պետական հաշվապահության նախարար Դավիդ Ամիելը հուլիսի 6-ին RTL ռադիոկայանի եթերում հայտնել է, որ 2026 թվականի առաջին վեց ամիսներին վառելիքի հետ կապված հարկային մուտքերը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են ավելի քան 80 միլիոն եվրոյով։

Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով փետրվարի 28-ից վառելիքի գները կտրուկ բարձրացել են, ինչի արդյունքում պետությունը յուրաքանչյուր վաճառված լիտրից ավելի մեծ հարկային եկամուտ է ստացել։ Սակայն սպառողները փոխել են իրենց վարքագիծը՝ սկսելով ավելի քիչ բենզին և դիզելային վառելիք գնել, ինչը, ի վերջո, բացասաբար է ազդել պետական եկամուտների վրա։

«Բարեբախտաբար, մենք չլսեցինք նրանց, ովքեր ասում էին՝ օգտագործեք այդ անսպասելի շահույթը՝ աջակցման միջոցառումները ֆինանսավորելու համար: Իրականում ոչ մի անսպասելի շահույթ չի եղել», – նշել է ֆրանսիացի պաշտոնյան։

Մայիսի վերջին Ռոլան Լեսքյուրը նույնպես հայտարարել էր, որ վառելիքի սպառումը մայիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14%-ով, քանի որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով դրա գինը բարձրացել էր։

«Ֆրանսիայի բնակիչները մի փոքր ավելի քիչ են մեքենա վարում, ավելի հաճախ են օգտվում համատեղ ուղևորություններից և, հնարավոր է, ավելի հաճախ են աշխատում հեռավար», – նշել էր նա այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց նոր նպատակային աջակցության միջոցառումների մասին, մասնավորապես՝ այն քաղաքացիների և ավտոտրանսպորտային ոլորտի համար, որոնք ամենաշատն են տուժել վառելիքի թանկացումից։

Leave a comment