Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
«Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ կոմիտեի` ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն դրամի վնաս:
ՔԿ–ից նաև նշել են, որ Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: