Քաղաքականություն
06.07.2026 | 18:05
Ուկրաինական Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակվել են Օմսկի նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Meduza-ն։
Օմսկի նահանգապետ Վիտալի Խոցենկոն հայտնել է «անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի» մասին, ապա իր տելեգրամ ալիքում գրել, որ «թշնամու անօդաչու թռչող սարքեր են խոցվել» մարզի վրա։ Նրա խոսքով՝ մի քանի անօդաչուներ «կարողացել են հասնել Օմսկի հյուսիսային արդյունաբերական կենտրոնին»։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Օմսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից 2500 կիլոմետր հեռավորության վրա: «Агентство»-ն, վերլուծելով հրապարակված տեսանյութերը, հաստատել է, որ Օմսկի նավթավերամշակման գործարանն իսկապես տեսանելի է կադրերում: Ուկրաինական Dnipro Osint նախագիծը պնդում է, որ հարձակումը վնասել է նավթի առաջնային մշակման սարքավորումը։
Օմսկի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանում ամենամեծն է հումքի վերամշակման ծավալով: Եթե այս գործարանի վրա անօդաչու սարքի հարվածը հաստատվի, ապա Ռուսաստանի լավագույն 10 գործարաններից կմնա միայն մեկը, որն ուկրաինական անօդաչու սարքերի հարվածի չի ենթարկվել․ դա Իրկուտսկի մարզի Անգարսկի նավթաքիմիական ընկերությունն է:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի