Արտաշես Հովհաննիսյան. Այս տեմպերով մի օր կհասնենք թմրամիջոցների լեգալիզացման

2020թ.-ին հիմնադրված MB Legal իրավաբանական ընկերությունը վերջին տարիներին գրանցել է «թռիչքաձեւ աճ»՝  ընդլայնելով նաեւ ծառայությունների շրջանակը։ 
Այսուհետ ընկերության հիմնական ուղղություններից մեկն է նաեւ քրեական իրավունքը, որի պրակտիկան MB Legal-ում զարգացնում է Արտաշես Հովհաննիսյանը։ 
Նա 5 տարուց ավելի աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ինչից հետո ծավալել փաստաբանական գործունեություն՝ կուտակելով հետաքրքիր, յուրահատուկ փորձ։
Մեդիամաքսն Արտաշես Հովհաննիսյանի հետ զրուցել է ինչպես թիմին միանալու, այնպես էլ՝ այսօր քրեական իրավունքում եւ առհասարակ՝ մեր իրականությունում առավել առանցքային թեմայի՝ թմրամիջոցների շրջանառության մասին։ 
«MB Legal-ում վստահում են աշխատակիցներին»
MB Legal-ի թիմին միացել եմ մոտ մեկ տարի առաջ եւ այսօր կարող եմ ասել՝ հենց առաջին ամիսներից քրեական իրավունքի ուղղությունն ընկերության համար դարձել է շատ եկամտաբեր: Այս աճը շարունակական է, եւ ակնկալում ենք նաեւ ծավալների մեծացում, քանի որ քրեական իրավունքի ոլորտում գրանցած հաջողությունները կգրավեն նոր հաճախորդներին։ 
MB Legal-ին միանալու որոշմանս հիմքում վստահությունն էր, որը կա ընկերության աշխատակիցների նկատմամբ։ Ինձ առաջին օրվանից վստահվել է զարգացնել քրեական իրավունքի ուղղությունը՝ հիմնվելով սեփական փորձի ու տեսլականի վրա։ Սա չափազանց կարեւոր է եւ շնորհակալ եմ նման մոտեցման համար։ 
«Աշխատել եմ ԱԱԾ-ում»
Փաստաբանական գործունեությունից առաջ մոտ 5,5 տարի աշխատել եմ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում։ Այս շրջանը լի էր բազմաթիվ իրադարձություններով, օրինակ՝ ՊՊԾ գնդի գրավմամբ Երեւանում։ Հիշում եմ, որ ծննդյանս օրերը, տարատեսակ այլ նշանակալի պահեր անցկացնում էի ոչ թե խնջույքի սեղանի շուրջ, այլ՝ դատարանում մինչեւ ուշ գիշեր (ժպտում է – հեղ.): 
Սա մասնագիտական ճանապարհի կարեւոր փուլ էր, քանի որ դրա ընթացքում կուտակած փորձն ու ստացած հմտություններն ինձ օգնում են առ այսօր։ 
Ճիշտ պատասխաններ գտնելու համար՝ տալ ճիշտ հարցեր
Եթե խոսենք իրավական ձեւակերպումներով, ապա Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն հասկացությունը հավասարապես ներառում է թե՛ գյուղացու կողմից մի քանի թուփ կանեփ աճեցնելը, թե՛ մի քանի կիլոգրամ թմրամիջոցների մաքսանենգությունը։ Մեզ մոտ այս ամենը պատժելի է եւ չկան, այսպես ասած, թույլատրելի թմրամիջոցներ: Եթե նույնիսկ խոսքը շատ փոքր ծավալի մասին է, սա ենթադրում է առնվազն վարչական պատասխանատվություն: Միեւնույն ժամանակ, կարեւոր է շեշտել, որ ներկայում գործող սահմանաչափերով գրեթե անհնար է չհատել քրեական պատիժ ենթադրող շեմը։ 
Ըստ իս՝ այս ոլորտի հիմնական խնդիրներից մեկը թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի մոտեցումն է։ Այն շատ խիստ է, ժառանգած Խորհրդային Միությունից, երբ առողջ ապրելակերպը շատ ավելի լավ էր քարոզվում, իսկ հասարակությունում թմրաշրջանառությունը խիստ մարգինալացված էր։ Պետք է գիտակցենք՝ այսօր իրավիճակը փոխվել է, եւ հնարավոր չէ նոր իրականության հետ պայքարել հին մեթոդներով։ 
Հայաստանում այս ոլորտի արդեն իսկ խիստ օրենսդրությունն էլ ավելի է խստացվել այս տարվա մայիսին։ Քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, սահմանված պատիժները խստացվել ծլ են։ Թվում է՝ լավ է, բայց մեխանիզմը շարունակում է չգործել մի շարք պատճառներով, որոնց կանդրադառնամ։ Այժմ միայն նշեմ, որ դրանք անհամաչափ խիստ են։ Անչափահասի կամ հղի կնոջ նկատմամբ խմբի կողմից իրականացված սեռական բնույթի բռնի գործողությունները պատժվում են ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով, իսկ իրացման նպատակով 1․5 գրամ մեթամֆետամին պահելը՝ 8-15 տարի։
Սա բավականին զգայուն թեմա է, բայց պետք է գիտակցենք՝ եթե ուզում ենք ստանալ իրական պատասխաններ՝ ինչու է թմրաշրջանառությունը մեր երկրում հասել նման ծավալների, ինչու է խնդիրն արդեն դպրոցներում, պետք է տալ ճիշտ հարցեր։ 
«Թմրաշրջանառության ծավալները Հայաստանում բազմապատկվել են»
Թմրաշրջանառության ծավալները հստակ պատկերացնելու համար պետք է համեմատվենք միայն ինքներս մեզ հետ, օրինակ՝ մոտ 10 տարի առաջ եղած իրավիճակի: Այս առումով կարող ենք միանշանակ ասել, որ տեսնում ենք թմրաշրջանառության աճ: Ծավալներն ավելացել են բազմապատիկ: 
Սրան նպաստող երկու հիմնական գործոն կա՝ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի անկումը եւ թմրամիջոցների շուկայի, այսպես ասած, ազատականացումը: Նախկինում, ըստ երեւույթի, թմրաշրջանառությամբ զբաղվելու հնարավորություն ունեին շատ սահմանափակ թվով մարդիկ: Պայմանական մոնոպոլիա էր, ինչը վատ չէ, քանի որ առավել սահմանափակում է տարածումը՝ հասանելի դարձնելով այն միայն մարգինալ հատվածներին: 
«Շատ ակտիվ տարածվում են բազմաթիվ սինթետիկ թմրամիջոցներ»
Ասելով, որ թմրաշրջանառության ծավալները Հայաստանում ավելացել են, պետք է մեզ հարց տանք՝ իսկ հիշո՞ւմ ենք դեպք, երբ իրավապահ մարմինները երկրում թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա բացահայտեն: Ինքս կարող եմ հիշել միայն կանեփ աճեցնելու համար սարքավորված տարածքների բացահայտումները, որոնք խիստ պայմանական կարող ենք համարել «լաբորատորիա»: Սրան զուգահեռ Հայաստանում շատ ակտիվ տարածվում են բազմաթիվ սինթետիկ թմրամիջոցներ: Նշեցի, որ ճիշտ պատասխանների համար ճիշտ հարցեր են պետք եւ այստեղ ծագում է դրանցից առաջինը՝ իսկ ի վերջո որտեղի՞ց են դրանք հայտնվում Հայաստանում: 
 
Տեսականորեն կարող ենք ենթադրել, որ երկրում կան լաբորատորիաներ, ընդ որում՝ դրանք կարելի է կազմակերպել այնպես, որ սինթետիկ թմրամիջոցների մասնագետ քիմիկը տարեկան երկու անգամ գա Հայաստան, առանձնապես խոշոր ծավալներով դրանք պատրաստի եւ գնա: Երկրորդ տարբերակը ներկրումն է, հետեւաբար՝ մենք կա՛մ պետք է բացահայտենք պատրաստման օջախները, կա՛մ ներկրման ճանապարհները: Երբ Հայաստանում հայտնվող թմրամիջոցների ծավալը փոքրանա, կքչանան նաեւ թմրամիջոց օգտագործելու դեպքերը: Ցավոք, այսօր այս ուղղությամբ արդյունավետ պայքար ես չեմ տեսնում: 
Ի՞նչ պայքար կա այսօր
Խնդիրն այն է, որ թմրաշրջանառության դեմ պայքարի միջոցներն այսօրվա իրականության համար խիստ հնացած են: Մենք ժառանգել ենք տասնամյակներ առաջ եղած իրավիճակին համապատասխան պայքարի մեխանիզմ, որը ենթադրում էր «կանեփ-կակաչ» միջոցառումները: Հիմա սա ոչ մի կերպ չի կարող արդյունավետ լինել: 
Իրավիճակի վերլուծությունը սկսենք օրենսդրական փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել 2022թ.-ին: Եթե նախկինում մեզ մոտ պայքարում էին կոնկրետ թմրամիջոցների անվանական տեսակների դեմ, հիմա օրենքում ավելացվել են նաեւ դրանց անալոգներն ու նմանակները: Սա լավ է: Ես վերապատրաստում եմ անցել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, եւ մի անգամ նրանց քիմիկներից մեկը բերեց հետեւյալ օրինակը՝ «իմ երկու ձեռքի դաստակները նման են, բայց նույնական չեն»: Սինթետիկ թմրամիջոցների դեպքում մասնագետը կարող է նույն բաղադրիչները սինթեզել այլ կերպ, ստանալ նույն ազդեցությունը, բայց ոչ նույն թմրամիջոցը: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ ամեն տարի հայտնվում է նոր նյութ, որը ներառված չէ թմրամիջոցների ցանկում, հետեւաբար՝ ազատված քրեական պատասխանատվությունից: Հիմա արդեն անալոգները եւ նմանակները եւս ներառված են օրենքում: 
Ինչ վերաբերում է իրավապահների բուն պայքարին, ըստ իս՝ այն շատ տարերային է, չկա համակարգված մոտեցում: Ձերբակալում են կամայական մարդկանց, որպեսզի հասարակությանը հրամցնեն, թե թմրամիջոցների դեմ պայքարը շատ արդյունավետ է: 
Լինում է՝ մտնում են ակումբներ եւ հայտարարում՝ «բացահայտվել է թմրաշրջանառության օջախ», բայց պետք է հստակ գիտակցել՝ սա ոչ թե օջախ է, այլ՝ սպառման կետ: Թմրամիջոցն արդեն ինչ-որ կերպ ներմուծվել կամ ստեղծվել է, անցել է հիմնական իրացնողներից, եւ հասել հասարակ օգտագործողներին, եւ միայն այս կետում է, որ վրա են հասել իրավապահները: 
Վերջերս Ներքին գործերի նախարարի տեղակալը մի քննարկման ժամանակ ասաց՝ «անցյալ տարի այսքան կիլոգրամ թմրամիջոց է հայտնաբերվել եւ հանվել շրջանառությունից»՝ առանց նույնիսկ նշելու թմրամիջոցի տեսակները: Չէ՞ որ այդ ծավալը կարող է համարժեք լինել կանեփի մի քանի թփի կամ՝ նույն քաշով կոկայինի: Այս նյութերն ունեն նույն ծավալը, բայց խիստ տարբեր ազդեցություն ՝ Հայաստանում թմրանյութերի հետ կապված իրավիճակի վրա: Կամ եթե հայտնաբերվել է ավելի շատ քան նախորդ տարի, սա վկայում է, որ պայքա՞րն է ավելի արդյունավետ, թե՞ պարզապես քանակն է ավելացել։
Նշեցի, որ այս տարվա մայիսին օրենքում տեղի ունեցած փոփոխություններով խստացվել են պատիժները թե՛ իրացման նպատակով թմրամիջոցների շրջանառության, թե՛ առանց այդ նպատակի: Ընդ որում, առանց իրացման նպատակի առանձնապես խոշոր ծավալների թմրամիջոցների շրջանառությունը հիմա արդեն պատժվում է մինչեւ վեց տարվա ազատազրկմամբ, ինչը փոխում է հանցանքի դասակարգումը միջին ծանրությունից ծանր հանցագործության: Այստեղ «առանձնապես խոշոր» ձեւակերպումը չպետք է շփոթմունք առաջացնի, քանի որ խոսքը կարող է լինել նույնիսկ մեկ գրամից քիչ ծավալի մասին: Օրինակ՝ կոկայինի դեպքում 0,125 գրամը գերազանցողը համարվում է առանձնապես խոշոր: Այսինքն, մենք իրավիճակում ենք, երբ ըստ օրենքի 0,5 գրամ կոկայինն էլ է առանձնապես խոշոր ծավալ, կես կիլոգրամն էլ: 
Թվում է՝ վատ չէ, բայց սա իրավապահներին լայն հնարավորություններ է տալիս նույնիսկ այն դեպքում, երբ դա անհրաժեշտ չէ: Օրինակ՝ անձին կարելի է գաղտնալսել, եթե նա կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ։ Հետեւաբար, օրենքի այս ձեւակերպումը կարող է պատրվակ դառնալ ցանկացած անձի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար։ 
Բացի այդ, նախատեսված պատիժների խստացումն անարդյունավետ է, քանի որ 
հանցավորության նվազման բերում է ոչ թե ավելի խիստ պատիժը, այլ՝ այդ պատժի անխուսափելիությունը։ Վերջինն ապահովելու համար մեր իրավապահ համակարգը պետք է անցնի լուրջ բարեփոխումների փուլ։ Մենք մի իրավիճակում ենք, երբ պայքարի արդյունավետությունն ու իրավապահների կատարողականը գնահատվում են շատ կասկածելի չափանիշներով։ Օպերատիվ աշխատակիցների կողմից թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները դիտարկվում են գրեթե մեկ հարթության վրա: Օրինակ՝ մեկ օգտագործողի ձերբակալումն ու թմրամիջոցների տարածման տելեգրամյան ալիքի բացահայտումը համարվում են հավասարազոր: Սա եւս կարող է դեմոտիվացնել իրավապահներին։ 
Հասկանալ՝ ինչն ենք պատժում 
Երբ մշակվում է քրեական իրավական քաղաքականություն, պետք է հասկանալ՝ ինչն ենք պատժում: Մի քիչ տրամաբանական չէ մարդուն պատժել արարքի համար, որի դեպքում ոչ ոք, բացի իր սեփական առողջությունը չի տուժում: Ծայրահեղ օրինակ կարող է լինել, բայց ինքնասպանության փորձից հետո մարդուն չեն դատում չէ՞: Թմրամիջոցների շրջանառությունը կարող է ունենալ շատ տարբեր դրսեւորումներ: Չեմ ասում, որ սա լավ սովորություն է, միանշանակ՝ վնասակար է, բայց պետք չէ պատասխանատու աշխատանքից հետո ժամանակ առ ժամանակ օրինակ՝ մարիխուանա ծխող հասարակության լիիրավ անդամ մարդուն եւ դասական պատկերացումներով թմրամոլին հավասարեցնել: Թմրաշրջանառության հետ կապված հանցագործությունները հիմնականում դասվում են հասարակության առողջության դեմ ուղղվածների ցուցակում, բայց այսօր ստեղծվում է միայն պատրանք, թե պատիժների խստացումով ավելի շատ ենք մտածում հասարակության առողջության մասին: 
 
Օրինակ՝ չկա որեւէ անհրաժեշտություն քրեական պատասխանատվության ենթարկել անձին իր սեփական ընտրության, վնասակար սովորության համար, այն դեպքում, երբ ունի աշխատանք, հասարակության մեջ տեղ, վճարում է հարկեր, դրսեւորում է լիովին պատասխանատու վարք, սոցիալիզացման հետ կապված խնդիր չունի: Պետք է գտնել ավելի լավ տարբերակ եւ մոտեցում: Անկախ ամենից, եթե անձն իր արարքով վնասում է միայն ինքն իրեն, այստեղ քրեաիրավական միջամտությունը տեղ չունի։ 
Բացի այդ, պետք է հասկանալ՝ ինչ է լինում մարդու հետ, երբ նրան դատապարտում ենք։ Եթե անգամ նա չազատազրկվի եւ ստանա այլընտրանքային պատիժ, ողջ կյանքում կապրի հանցագործի խարանով, իսկ բանտերը, ցավոք, ընկալվում եւ ծառայում են որպես հասարակությունից մեկուսացման վայրեր։ Ոչ ոք այնտեղ չի վերասոցիալիզացվում Հենց այս տրամաբանությամբ էլ կան երկրներ, որտեղ թմրամիջոցների շրջանառությունը, առանց իրացման նպատակի եւ սեփական օգտագործման համար, ապաքրեականացվել է։ 
Ապաքրեականացումը լեգալիզացում չէ
Շատ կարեւոր է տարբերակել՝ ապաքրեականացումն օրինականացում չէ։ Ապաքրեականացնել նշանակում է վերացնել արարքի համար սահմանված քրեական պատասխանատվությունը։ Ես գտնում եմ, որ այս Հայաստանում ստեղծված իրավիճակում առանց իրացման նպատակի թմրամիջոցների շրջանառության ապաքրեականացումն անհրաժեշտ է: Այս պարագայում իրավապահ համակարգի ռեսուրսը կուղղվի առավել խոշոր թիրախների՝ ներկրման, իրացման օղակների վրա՝ պայքարը դարձնելով առավել արդյունավետ: Օրինակ՝ Պորտուգալիայում, թմրաշրջանառությունը, որը չի հետապնդում իրացման նպատակ, ապաքրեականացվել է։
 
Ինչ վերաբերում է լեգալիզացմանը, սա բոլորովին այլ երեւույթ է եւ նշանակում է, որ կա օրենսդրորեն մշակված թույլատրելի ճանապարհ, որով թմրամիջոցները կարելի է պատրաստել, վաճառել եւ ձեռք բերել հստակ սահմանված վայրերից: Կարծում եմ՝ Հայաստանում լեգալիզացում պետք չէ, քանի որ սա միշտ հարկադրված քայլ է: Պետությունը գնում է այս ճանապարհով, երբ այլեւս որեւէ կերպ չի կարողանում կառավարել թմրաշրջանառության ծավալներն ու ստիպված տալիս է օրինական ճանապարհ: Հակառակ դեպքում՝ մարդիկ գնալու են ավելի վատ եւ վտանգավոր ուղիով՝ օգտագործելով առավել վատ բաղադրությամբ նյութեր։ 
Մենք այս իրավիճակում չենք եւ հույս ունեմ՝ երբեք չենք լինի: 
Ի՞նչ անել, որ Հայաստանում իրավիճակը բարելավվի
Կարծում եմ՝ նախ եւ առաջ իրազեկել հասարակությանն ու երիտասարդ սերնդին դաստիարակել ավելի ճիշտ արժեհամակարգով։ Չի կարելի ստեղծել իրավիճակ, որում «արգելված պտուղը» երեխային կարող է քաղցր թվալ։ Երիտասարդների հետ պետք է խոսել թմրանյութերի մասին, ոչ թե փախչել այս թեմայից։ Իրական օրինակներով ցույց տալ՝ ինչու է սա վտանգավոր եւ վնասակար։ Պետությունը մեծ անելիք ունի առողջ ապրելակերպը քարոզելու գործում։ 
Երկրորդ՝ պետք է բարելավել պայքարը թմրանյութերի ներմուծման դեմ։ Կարող ենք ենթադրել, որ Հայաստանում էլ կան լաբորատորիաներ, բայց ներմուծումը մեծ ծավալների է հասնում։ Ընդ որում՝ մեր ցամաքային չորս սահմանից երկուսը փակ է, այո, կա նաեւ ավիափոխադրումների տարբերակը, բայց մենք նույնիսկ չունենք ծով։ Այսինքն, վերահսկումը չի կարող շատ բարդ լինել։ Այստեղ բերեմ օրինակ իմ պրակտիկայից՝ ինչպես է հայաստանյան իրավապահ համակարգը պայքարում ներմուծումների դեմ։ 
Մենք ունենք վստահորդ՝ Ուկրաինայի քաղաքացի, որը տարածաշրջանի երկրներով շրջագայելու ընթացքում մի քանի օրով եկել էր Հայաստան։ Այստեղ գտնվելու ընթացքում նրա ծանոթները խնդրում են, որ փոխադրումներով զբաղվող մի ընկերությունից վերցնի Հայաստան հասած ծանրոց: Այն ի սկզբանե մեր վստահորդի անունով չէր: Ծանոթները բացատրում են՝ «մեր ընկերներից մեկի անունով ենք ուղարկել, նա չի հասցնում ստանալ, անվանափոխենք՝ դու ստացիր»: Փոխադրող ընկերությանը դիմելուց հետո հասցեատիրոջը փոխում են, եւ այս երիտասարդը գնում է այն ստանալու: Պարզվում է՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները սկանավորման ընթացքում արդեն իսկ հայտնաբերել են, որ ծանրոցում կես կիլոգրամ կոկային է։ Փոխարինել են այն այլ նյութով եւ որոշել սպասել՝ ով է գալու ծանրոցի հետեւից։ Սա ճիշտ մոտեցում է։ Եվ ահա երիտասարդը գալիս է այն վերցնելու, նրան բռնում են: Պարունակության մասին իմանալուց հետո նա փորձում է բացատրել իրավապահներին, որ որեւէ կապ չունի դրա հետ, պարզապես փորձել է օգնել է ծանոթներին՝ բավարարելով նրանց պարզ, կենցաղային խնդրանքը: Առաջին վայրկյանից մեր վստահորդը համագործակցում է իրավապահների հետ, ցույց է տալիս այդ ծանոթների հետ նամակագրությունը, ասում, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել։ Արդյունքում առավոտյան 9:30-ից գտնվելով իրավապահների մոտ՝ ժամը 14:30-ին նրանց հորդորով մտնում է նամակագրության մեջ ծանրոցն ուղարկած ծանոթների հետ՝ ճշտելով, թե ուր թողնի այն: Կարեւոր է շեշտել, որ նամակագրությանը ներկա էին միայն իրավապահներն ու երիտասարդը՝ առանց որեւէ պաշտպանի: Արդյունքում իրավապահները երիտասարդին տալիս են կորդինատներ եւ խնդրում ծանրոցը թողնելու շուրջ պայմանավորվել հենց այդ կետում: Հետո արդեն պարզվում է, որ սա շատ բաց, ազատ տարածություն է, որտեղ կանգնածդ տեղից ամեն ուղղությամբ կարող ես տեսնել 2-3 կմ։ Թմրամիջոցներով ծանրոցն այդ կետում «թաղելուց» հետո, իրավապահները շարունակում են շատ նկատելի շրջել տարածքում, կայանել մեքենաները եւ սպասել, որ ծանրոցի իրական հասցեատերը կգա այն վերցնելու (ժպտում է – հեղ.): 
Այսպիսով ձախողելով օպերացիան՝ հասկանում են,  որ միեւնույն է ինչ-որ մեկը պետք է պատժվի եւ որոշում՝ թող այդ մեկը լինի ուկրաինացի երիտասարդը, որն ի սկզբանե եկել էր ծանրոցի հետեւից: Արդարացնել սեփական ձախողումը՝ ընտրելով հեշտ թիրախ: Արդյունքում կես կիլոգրամ կոկային պատվիրած եւ ուղարկած անձիք մնացել են ազատության մեջ: Միակ դասը, որ նրանք կքաղեն այս անհաջողությունից կլինի այն, որ կսկսեն փնտրել ներկրման նոր ուղիներ եւ անպայման կգտնեն դրանք: 
Տելագրամյան ալիքներն ու դրանց հնարավոր վերահսկումը 
Չեմ կարծում, որ Հայաստանում կիբեռանվտանգության կամ կիբեռհանցավորության դեմ պայքարի աշխատակիցները հնարավորություն ունեն տեղայնացնել թմրաշրջանառությամբ զբաղվող Տելեգրամյան ալիքների օգտատերերին։ Յուրաքանչյուր երկրում սա շատ անհատականացված է։ Միեւնույն ժամանակ, կա նրբություն՝ եթե չես կարող գաղտնալսել կամ կոտրել Տելեգրամն ու առհասարակ՝ կապի ուղին, ապա առնվազն հնարավոր է կոտրել կոնկրետ սարքը։ Եթե մենք խոսում ենք կապով, որը պաշտպանված է կոդավորմամբ, մեր խոսակցությունը կարող է հասանելի դառնալ իրավապահներին, եթե պարզապես կոտրեն իմ կամ ձեր կապի միջոցը։ 
Պայքարը դպրոցներում 
Թմրամիջոցների շրջանառությունն անչափահասների շրջանում նվազեցնելու նպատակով պետք է թիրախային աշխատել թե՛ տանը, թե՛ դպրոցներում: 
Հեծանիվ հայտնագործել պետք չէ, այս փորձն արդեն կա աշխարհում: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում հաճախ դպրոցներ են հրավիրում թմրանյութային կախվածություն ունեցող մարդկանց, որոնք ժամանակին բուժվել եւ հաղթահարել են այն։ Նրանց փորձը, անցած ճանապարհը կարող է շատ ազդեցիկ լինել։ Մեզ մոտ, ցավոք, դեռ կան մենթալիտետային խնդիրներ, եւ դպրոցում նման մարդու հայտնվելը կարող է մեծ աղմուկ եւ բողոք հարուցել՝ «թե այս ո՞ւմ եք բերել մեր երեխաների մոտ»։ 
Ո՞ւ ր ենք գնում
Կարծում եմ, որ պայքարի այս տեմպերը, մոտեցումներն ու անարդյունավետությունը, մի օր ուղղակի կստիպեն լեգալիզացնել թմրաշրջանառությունը Հայաստանում։ Այսօր կա հստակ լոբբի, որն աշխատելու է այս ուղղությամբ: 
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment