Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները

Ռուսաստանցի հաքերները կոտրել են բրիտանական պետական ծառայողների և կրիտիկական ենթակառուցվածքների աշխատողների էլեկտրոնային փոստն ու օգտահաշիվները, հաղորդել է The Telegraph-ը։ Հարձակումից հետո հաքերները գողացված տվյալները վաճառքի են հանել դարքնեթում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Գողացված օգտահաշիվները պատկանում են Թաիլանդում և Մավրիկիոսում Մեծ Բրիտանիայի դեսպանատների տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին, ինչպես նաև Դերբիշիրի և Ուոլթեմ Ֆորեսթի վարչակազմերի աշխատակիցներին: Հաքերները դարքնեթում այս տվյալներին մուտքի իրավունքը վաճառում են մինչև 60,000 դոլարով (52,600 եվրո), հաղորդում է The Telegraph-ը։

Դարքնեթում վաճառքի հանված որոշ տվյալներ հնարավորություն են տալիս մուտք գործել կրիտիկական կարևոր ենթակառուցվածքներ սպասարկող կազմակերպությունների տեղեկատվական համակարգեր: Մասնավորապես, դա ներառում է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը (NHS), երկրի դեղերի առանցքային մատակարարներին և էներգետիկ ընկերությունները։

Կիբերանվտանգության փորձագետը The Telegraph-ին ասել է, որ արտահոսքը կարող է հանգեցնել «աղետալի» միջադեպի, որը կսպառնա հիվանդների անվտանգությանը:

«NHS կազմակերպությունները, դեղատները, լաբորատորիաները և դրանց մատակարարները մեծապես կախված են հարձակման ժամանակ վնասված արտադրանքից»,- հայտնել է աղբյուրը։

Լրատվամիջոցը շեշտում է, որ Կրեմլի մասնակցությունը լայնածավալ կիբերհարձակմանը դեռևս ապացուցված չէ:

«Այնուամենայնիվ, Ռուսաստանից աշխատող հաքերները դիտարկվում են որպես համաշխարհային իրավիճակն անկայունացնելու հարմար գործիք, որի նկատմամբ Կրեմլը նախընտրում է աչք փակել», – գրում է The Telegraph-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ 2024 թվականի մայիսին Կառավարության հաղորդակցության շտաբի (GCHQ) ղեկավար Անն Քիստ-Բաթլերը զգուշացրել էր, որ Ռուսաստանի իշխանություններն ավելի ու ավելի են ձգտում հաքերներին ուղղորդել բրիտանական թիրախների դեմ:

«Նախկինում Ռուսաստանը պարզապես ստեղծում էր բարենպաստ պայմաններ այս խմբերի գործունեության համար, բայց այժմ այն ​​ակտիվորեն սնուցում և ոգեշնչում է այս ոչ պետական ​​կիբերսուբյեկտներին»,- ասել է Քիստ-Բաթլերը։

Այլ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Լեհաստանը և Դանիան, նախկինում հայտնել էին կիբերհարձակումների մասին: Նրանք Ռուսաստանի հետ կապված հաքերների վրա էին դրել պատասխանատվությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment