Շինարարական ընկերությունների ագահությունը պետք է պատժվի, ով չարեց «վարչարարական տեռոր», պետք է ազատվի աշխատանքից. Ավինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շինարարական փնթիությունը Երևան քաղաքում համատարած է: Այս մասին այսօր Գործակարգավորական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ փնթիության դեմ պայքարի միակ մեթոդը գրագետ վարչարարությունն է:
«Հարգելի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն: Հասարակական կարգի ծառայություն և ամենակարևորը՝ վարչալան շրջանների ղեկավարներ: Ձեր վարչական շրջաններում արվող աշխատանքների վատ կահավորումների առաջին պատասխանատուները դուք եք, ձեր աշխատակիցներն են: Պահանջեք ձեր աշխատակիցներից, որպեսզի նրանք պահանջեն շինարարներից գրագետ կերպով կահավորել»,-նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով Պռոշյան-Պարոնյան հատվածի շինարարությունը, Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այն ավարտված պետք է լիներ դեռ ապրիլ ամսին, սակայն շարունակվում է մինչև հիմա:
«Գործիքակազմը կա, կարծում եմ էս ագահությունը պետք է պատժվի: Պետք է պատժվի խստորեն, որպեսզի իրենք հասկանան, որ չի կարելի է ագահ լինել»,-ասել է Ավինյանը: Հաջորդիվ քաղաքապետը նշեց, որ նման գործունեությանը ի պատասխան ցանկանում է տեսնել «վարչարարական տեռոր»:
«Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր: Պետք է բողոքներ, լաց, պետք է բոլոր ինստանցիաներով գրեն էս շինարարները, որ վայ մեզ սպանում են: Այ սպանեք դրանց, քո փնթիությունը պետք է էս քաղաքից վերանա»,-ասել է Երևանի քաղաքապետը:
Ավինյանը նաև նշեց, որ ցանկացած քաղաքապետարանի աշխատակից, ով չարեց «վարչարարական տեռոր» պետք է ազատվի աշխատանքից: Դիմելով վարչական շրջանի ղեկավարներին, նա ասաց, որ չնստեն կաբինետներում, այլ շրջեն իրենց վարչական շրջաններում։