Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին

Քաղաքականություն

06.07.2026 | 11:37

Ռուսաստանի զինված ուժերն ԱԹՍ-ներով հարված են հասցրել Ուկրաինայում գտնվող ադրբեջանական SOCAR-ի  լցակայանին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հուլիսի 5-ի երեկոյան հարձակման է ենթարկվել Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի լցակայանը։ Այնտեղ պայթյուն է տեղի ունեցել։

SOCAR Energy Ukraine-ը հաստատել է տեղեկությունը։ Հարվածի հետևանքով վնասվել է բենզալցակայանի վարչական շենքը: Ընկերությունը հայտարարել է, որ ավելի լուրջ հետևանքներ կանխվել են կանխարգելիչ անվտանգության միջոցառումների, օդային հարձակման ժամանակ հրահանգների խիստ պահպանման և ապաստարանի առկայության շնորհիվ: Հարձակման ժամանակ բոլոր աշխատակիցներն ապաստարանում են եղել, տուժածներ չկան:

Վերջին օրերին ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի լցակայաններին:

Անցյալ ամռանը Ժիտոմիրի մարզի Բերյոզինա գյուղում տեղի ունեցած պայթյունները լուրջ վնաս էին հասցրել SOCAR Energy Ukraine-ի երկու բենզալցակայաններին։ Օգոստոսին էլ ռուսները «Շահեդ»-ներով հարձակվել էին Օդեսայի մարզում գտնվող SOCAR-ի նավթաբազայի վրա։ Հարվածը հրդեհի պատճառ էր դարձել, 4 մարդ լուրջ վնասվածքներ էր ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment