ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել են ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Շաբբաթ ճաշ»
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱՄՆ Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունը, ինչպես նաև ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել են ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Շաբբաթ ճաշ», որին մասնակցել են ԱՄՆ հանրային, դիվանագիտական, կրթական, գործարար և քաղաքական կյանքում ներդրում ունեցած ականավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքային և հոգևոր առաջնորդներ՝ ռաբբիներ։
Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանը ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով ԱՄՆ հիմնադիր հայրերի ձևավորած այն արժեքներին, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն, եղբայրություն և գործընկերություն տարբեր մշակույթների ու ազգերի միջև։ Նա նաև խոսել է այն արժեքների մասին, որոնք միավորում են հայ և հրեա համայնքներին՝ ընդգծելով նրանց նշանակալի ներդրումը ԱՄՆ տարբեր ոլորտների կայացման գործում։
ԱՄՆ հատուկ բանագնաց Կապլունը իր խոսքում կարևորել է ՀՀ դեսպանության հետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության և ատելության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի հանձնառության և ակտիվ համագործակցության համար։
ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնը իր ելույթում կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով, Հայաստանի հրեական համայնքի հետ հանդիպումներով, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի վերաբերյալ դիտարկումներով, ինչպես նաև դեսպանության հետ համագործակցության փորձով։