«Save Armenia». Զորավիգ լինելով առաջին քրիստոնյա ազգին

Խաղաղության իրական չափանիշը ոչ թե համաձայնագրի ստորագրումն է, այլ անվտանգությունը, կայունությունը եւ տեղում արձանագրվող տեւական փոփոխությունները։ Այս համոզմունքն է առաջնորդում Ջեյմս Թուֆենկյանի կողմից հիմնադրված, ԱՄՆ-ում գործող «Save Armenia» հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանի առջեւ ծառացած գոյաբանական ճգնաժամին արձագանքելու համար:
Շարունակելով ամերիկացի քրիստոնյաներին աշխարհի առաջին քրիստոնյա պետության պաշտպանության շուրջ համախմբելու իր հանձնառությունը՝ հունիսի 14-ից 19-ը Հայաստան էր այցելել «Save Armenia»-ի հերթական ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում էին անվանի քրիստոնյա առաջնորդներ, ընտրված պաշտոնյաներ, մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ եւ բիզնես ղեկավարներ:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանվածների եւ պատերազմից տուժածների հետ։ Նրանք շրջել են նաեւ հանրապետության մարզերով՝ այցելելով հնագույն հայկական եկեղեցիներ։ Պատվիրակությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունելության է արժանացրել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Մեդիամաքսը զրուցել է պատվիրակության երկու անդամների՝ «Save Armenia»-ի գլխավոր գործադիր տնօրեն, դոկտոր Փոլ Մյուրեյի եւ Ջորջիա նահանգի սենատոր Էմանուել Ջոնսի հետ՝ նրանց այցի նպատակի եւ խաղաղության իրական պատկերի վերաբերյալ նրանց վերջին հետազոտության արդյունքների շուրջ։
Զորավիգ լինելով առաջին քրիստոնյա ազգին
Դոկտոր Փոլ Մյուրեյ
Ես մեծացել եմ Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգում։ Երբ 12 տարեկան էի, հայրս աշխատում էր նահանգապետի մոտ: Այդ ժամանակ հայերը հալածանքների էին ենթարկվում Լիբանանում: Նրանք ապահով վայր էին փնտրում եւ ցանկանում էին գալ Միացյալ Նահանգներ: Հայրս սկսեց աշխատել նրանց ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ՝ առաջարկելով նրանց այն նոր սկիզբը, որն այդքան փնտրում էին:
12 տարեկանում ես շատ քիչ բան գիտեի հորս աշխատանքի մասին, մինչեւ մեզ լիբանանահայերն իրենց տուն հրավիրեցին: Ես լսում էի, թե ինչպես են մայրերն ու հայրերը խոսում որպես քրիստոնյա իրենց հանդիպած ահռելի ճնշումների եւ կրած դժվարությունների մասին: Տեսնում էի, թե որքան երախտապարտ էին նրանք հորս՝ իրենց երկրորդ հնարավորություն ընձեռելու համար: Այդ սերմն իմ մեջ ցանվեց դեռ այն ժամանակ, եւ ես կարծում եմ, որ այսօր այդ շրջանն ամբողջացել է։ Այժմ, որպես հասուն մարդ, ես աշխատում եմ հայերի հետ՝ ճիշտ այնպես, ինչպես հայրս էր անում այդքան տարի առաջ: 
Երբ 2020 թվականին սկսվեց Արցախյան պատերազմը, պարզ դարձավ, որ ինչպես նշել էր Ջեյմս Թուֆենկյանը՝ մենք պետք է պաշտպանենք Հայաստանի ինքնիշխանությունը: Միջազգային կրոնական ազատության ոլորտում իմ կատարած աշխատանքի բերումով ես կազմակերպեցի հայկական առաջին աշխատանքային խմբի հանդիպումը: Մենք համախմբեցինք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներին, սփյուռքի ներկայացուցիչներին եւ կրոնական ազատության հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների՝ մտածելու, թե ինչպես կարող ենք օգնել:
2023 թվականի ողբերգական իրադարձություններից՝ Արցախի 120,000-անոց ողջ քրիստոնյա համայնքի էթնիկ զտումից հետո, «Save Armenia»-ն գիտակցեց խնդիրը բարձրաձայնելու ու հայ ժողովրդին պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը։ Այսօր մեր հիմնական նպատակը Հայաստանի հզորացումն է՝ Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդներին ակտիվորեն ներգրավելու միջոցով: «Save Armenia»-ի մեր կարգախոսն է. «Զորավիգ ենք առաջին քրիստոնյա ազգին»:
Երկիր, որտեղ Աստվածաշունչը կենդանանում է
Սենատոր Էմանուել Ջոնս
Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ զգացողություններս հիասքանչ են։ Վայրէջքի հենց առաջին ակնթարթից հասկացա, որ այս հողում ինչ-որ առանձնահատուկ բան կա: Այստեղ գտնվելուս մի քանի օրերի ընթացքում ես այնքա՜ն շատ բան եմ սովորել։
Այցելեցինք Էջմիածնի Մայր Տաճար: Չեմ կարծում, թե պատրաստ էի նրան, ինչ զգացի այնտեղ: Եկեղեցու թանգարանում պահվում էին մասունքներ, որոնք այնքան վաղ են թվագրվում՝ հասնելով դեպի սկիզբը:  
Լինելով քրիստոնյա, իմ եկեղեցու սարկավագ եւ մեծանալով բապտիստական հավատքով՝ նայեցի այդ մասունքներից մեկին ու լսեցի, որ դա այն Սուրբ Գեղարդն է, որը խոցել է իմ Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: Դա արցունքներ բերեց աչքերիս։ Ես առանձնապես զգացմունքային մարդ չեմ, բայց դա այն է, ինչը քեզ տանում է ուղիղ դեպի սկիզբ: Ինձ համար ասես Աստվածաշունչը կենդանացավ: Ես այդ ամենը սովորել էի աստվածաշնչյան դասերի իմ դպրոցում, այդ մասին ինձ պատմել էին իմ ուսուցիչները: Եվ ահա, այն այստեղ է՝ հենց իմ աչքերի առաջ:
Նախքան այստեղ գալը չէի հասկանում, թե ինչ նկատի ունեին, երբ ասում էին. «Սա առաջին քրիստոնյա ազգն է»։ Իրականում ի՞նչ է դա նշանակում: Բայց յուրաքանչյուրը պետք է անձամբ վերապրի՝ տեսնելու եւ հասկանալու դրա իմաստը: Պարզապես քայլեք այս հողի վրա, գնացեք վանքեր, այցելեք վանական քարանձավներ, լսեք քահանաներին եւ եպիսկոպոսներին։ Հիմա երբ հայերն ասում են, որ իրենք առաջին քրիստոնյա ազգն են, ես արդեն գիտեմ, թե ինչ է դա նշանակում: 
Դիտարկելով խաղաղության համաձայնագրի իրական պատկերը
Դոկտոր Փոլ Մյուրեյ 
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում hամատեղ հռչակագրի ստորագրումից հետո բոլորը տոնում էին: Մենք նույնպես ուրախ էինք, քանի որ դա, հավանաբար, կանխեց մի նոր պատերազմ:
«Save Armenia»-ն ի սկզբանե ստեղծվել է շարունակվող ճգնաժամին արձագանքելու համար՝ մասնավորապես Ադրբեջանի կողմից հողերի զավթմանը, մարդկանց բանտարկմանը եւ սրբավայրերի ոչնչացմանը: Երբ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց, մենք ստիպված էինք վերանայել մեր մոտեցումը՝ արդյունավետ մնալու համար: Մենք ցանկանում էինք խոսել Հայաստանում յուրաքանչյուր անհատի արժանապատվության, պետության ինքնիշխանության եւ նրա մշակույթի ու ժառանգության պաշտպանության մասին: Եվ մենք նկատեցինք, որ դրանք հարցեր են, որոնց դուրս են մնացել խաղաղության համաձայնագրից:
Տեղում իրավիճակը հասկանալու համար մենք իրականացրինք երկու երկրներում սոցիալական մեդիայի, տպագիր մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության համապարփակ ուսումնասիրություն: Մենք ուզում էինք պատասխանել երկու պարզ հարցի. Ադրբեջանն աշխատո՞ւմ է հանուն խաղաղության, թե՞ դրա դեմ: Հայաստանն աշխատո՞ւմ է հանուն խաղաղության, թե՞ դրա դեմ:
Մեր առաջին վերլուծությունը պատրաստ էր 2026թ. փետրվարի սկզբին, եւ արդյունքները հիասթափեցնող էին: Թեեւ մենք տեսանք Հայաստանի անցումը դեպի խաղաղություն, նույնը հնարավոր չէ ասել Ադրբեջանի մասին: Այնտեղից եկող ատելության խոսքը սարսափելի է:
Ատելության խոսք, որը կարող է հանգեցնել նոր ցեղասպանության
Դոկտոր Փոլ Մյուրեյ
Ադրբեջանի նախագահը հայերի մասին խոսում է որպես կիսամարդկանց, եւ այս բացասական հռետորաբանությունն առկա է նույնիսկ դպրոցներում։ Ինչպե՞ս կարելի է կառուցել տեւական խաղաղություն կամ համագործակցել նման ատելության պայմաններում։
Եթե նայեք սրա արմատներին, կտեսնեք, որ նմանատիպ խոսքը հանգեցնում է ցեղասպանության։ Երբ ուսումնասիրում ենք Հոլոքոստի պատմությունը, նախահոլոքոստյան իրավիճակը, տեսնում ենք, որ հրեաների համար ստեղծվում էր բացասական կերպար։ Դա հենց այն է, ինչ Ադրբեջանն այսօր անում է հայերի նկատմամբ։
Սենատոր Էմանուել Ջոնս
Մեծանալով Միացյալ Նահանգներում եւ հաճախելով լավագույն համալսարաններից մի քանիսը՝ մենք շատ վաղ տարիքից ուսումնասիրել ենք Հոլոքոստի պատմությունը: Սակայն ես չեմ սովորել այն վայրագությունների պատմությունը, որոնք կատարվել են այստեղ։ Ինձ համար սա շատ չի տարբերվում նրանից, ինչ տեղի է ունեցել Հոլոքոստի ժամանակ։
Մենք՝ որպես Աստծո զավակներ, չենք կարող թույլ տալ, որ դա նորից կրկնվի:
Խաղաղության դեմ աշխատող ադրբեջանական նարատիվները
Դոկտոր Փոլ Մյուրեյ
Հետազոտության արդյունքում ակնառու կերպով ի հայտ եկած մեկ այլ հանգամանք էր այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» նարատիվը։ Այն թիրախավորում է Հայաստանի ինքնիշխանությունը՝ հավակնելով մի տարածքի, որն ամբողջ միջազգային հանրությունը ճանաչում է որպես Հայաստան։ 
Սակայն նրանք առաջ են մղում այս «Արեւմտյան Ադրբեջան» պիտակը՝ հուսալով, որ եթե մարդիկ այն բավականաչափ լսեն, կսկսեն հավատալ դրան։ Ինչպե՞ս է դա նպաստում հաշտեցմանը։
Կան նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ։ Այդ տարածքները պետք է վերադարձվեն։
Մեր կողմից առանձնացված մեկ այլ խաղաղության ցուցիչ է հայ ռազմագերիների եւ քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Եթե պատրաստվում եք խոսել խաղաղության մասին, առաջին բանը, որ պետք է անեք, մնացած հայ պատանդներին ազատ արձակելն է։
Երբ մենք զրուցում ենք կառավարության ներկայացուցիչների հետ, լինի դա Թրամփի վարչակազմը, թե Հայաստանի կառավարությունը, ասում ենք, որ պատանդների ազատ արձակումը պետք է լինի խաղաղության համաձայնագրի մաս։ Կարծում եմ՝ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի համար դա կարող է գործարքը տապալող հանգամանք դառնալ։ Բայց որպես մարդ, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունը, ես հավատացած եմ, որ սա պետք է լինի հիմքում, քանի որ մարդու հիմնարար իրավունքներն անկյունաքարային են։ Եթե դա չկա, ինչպե՞ս կարող եք երբեւէ ունենալ իրական խաղաղություն եւ հաշտեցում։
«Save Armenia»-ում մենք չենք ասում, որ Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող համագործակցել։ Կարող են։ Եվ TRIPP նախագծի հիանալի կողմերից մեկն այն է, որ այն ցույց է տալիս դրա հավանականությունը։ Բայց քանի դեռ մարդիկ չեն տեսել այս հարցերի հասցեագրումը, որտեղի՞ց գիտենք, որ երեք կամ հինգ տարի հետո դրանք նորից առաջ չեն գա: 
Շուտով լույս կտեսնի մեր երկրորդ հետազոտությունը, եւ մենք այն հրապարակային կդարձնենք, որպեսզի բոլորի համար ծառայի որպես գործիք՝ տեսնելու, թե իրականում ինչ է կատարվում։
Հանդիպում ադրբեջանական վայրագություններից տուժածների հետ
Դոկտոր Փոլ Մյուրեյ
Հայաստանում մարդիկ գիտեն 2022 թվականին Ջերմուկում խոշտանգված եւ սպանված հայ կին դիպուկահարների պատմությունը։ Ես հանդիպեցի այդ կանանցից մեկի որդուն արտադպրոցական ծրագրի ժամանակ, որտեղ «Թուֆենկյան» հիմնադրամի օգնությամբ պատերազմից եւ բռնությունից տուժած երեխաները թերապիա են ստանում։ Այդ տղան այժմ ունի ՀՏՍԽ (հետտրավմատիկ սթրեսային խանգարում)՝ մոր հետ կատարվածի պատճառով։ Այս փոքրիկ տղայի կյանքն ընդմիշտ փոխվել է։ Նա դեռ հարցնում է, թե երբ է մայրը տուն գալու։ Ես տեսա, թե ինչպես է նա երեք սագի շատ գեղեցիկ նկար նկարում, բայց բնօրինակ նկարում, որն արտանկարում էր, միայն երկուսն էին։ Ես հարցրի, թե ինչու են նրա նկարում երեքը, եւ նա պատասխանեց. «Սա հայրս է, սա ես եմ, իսկ սա՝ մայրս»։ 
Ադրբեջանի արարքների հետեւանքները չեն սահմանափակվում միայն այս սերնդով. դրանք կազդեն հաջորդ սերնդի վրա, ինչն էլ իր հերթին կազդի հաջորդող սերնդի վրա։
Սենատոր Էմանուել Ջոնս
Մենք հանդիպեցինք 2023 թ․ Արցախի ցեղասպանությունը վերապրածների հետ: Նրանք ստիպված էին կրկին վերհիշել այն սարսափելի արհավիրքները, որոնց միջով անցել էին: Այդ սենյակում չոր աչք չմնաց:
Այո, բռնություն կա ամենուր՝ ամբողջ աշխարհում: Մեծանալով Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ ես գիտեմ, թե ինչպիսին կարող է լինել բռնությունը: Բայց սա բռնության միանգամայն այլ մակարդակ է, մարդու նկատմամբ մարդու դաժանության այլ մակարդակ: 
Զուգահեռներ եմ տեսնում այն բանի մեջ, ինչ իմ նախնիներն ու ես ենք ապրել Ամերիկայում՝ որպես գունավոր մաշկ ունեցող մարդիկ, եւ այն, ինչ տեղի է ունենում այստեղ՝ այս տարածաշրջանում: Մենք տոկունությամբ հաղթահարեցինք դա, եւ հաղթահարեցինք միասին:
Մենք բախվեցինք ահռելի դժվարությունների, բայց գիտեինք, որ պատմության ճիշտ կողմում ենք, արդարության ճիշտ կողմում ենք։ Եվ մենք հավատ ունեինք: Ուստի մենք համառեցինք, երբեք չհանձնվեցինք, շարունակեցինք պայքարել: Մենք պայքարում էինք դատարաններում, մեր համայնքներում: Պայքարում էինք օրենքներ փոխելու համար:
Դուք եւս պետք է հավատաք: Սա այնպիսի բան չէ, որը տեղի է ունենում մեկ գիշերվա ընթացքում: Յուրաքանչյուր սերունդ պետք է կրի իր բաժին բեռը: Յուրաքանչյուր սերունդ պետք է առաջ տանի այդ պայքարը, մինչեւ բոլորս գիտակցենք, որ մենք մեկ միասնական աշխարհ ենք։
Ինչպե՞ս եք հաշտեցումը հնարավոր՝ առանց արդարադատության
Դոկտոր Փոլ Մյուրեյ
Հիմա ոմանք ասում են, որ Արցախն այլեւս չկա։ Այն անգամ դուրս է մղվել քննարկումներից։ Բայց ես խոսում եմ արցախցիների հետ եւ լսում նրանց պատմությունները, իմանում այն սարսափելի մանրամասներն ադրբեջանական ուժերի կողմից իրականացված սպանությունների մասին։ Օրինակ՝ կա մի կնոջ պատմություն, ում կոկորդը կտրել են խաչով. նրանք մտցրել են նրա վզնոցը կոկորդը եւ կրակել նրա մարմնի վրա տանջամահ լինելուց հետո։ Այսպիսի դաժան մանրամասների մասին չի խոսվում։
Ինչպե՞ս է հնարավոր հասնել հաշտեցման, եթե չկա արդարադատություն: 
Արդարությունը պետք է վերականգնվի այս բոլոր մարդկանց համար, ում ընտանիքի անդամները սպանվել են, եւ ովքեր բռնի տեղահանվել են իրենց իսկ հայրենիքից։ Նրանք պետք է վերադարձի իրավունք ունենան։ Բայց երբ ես խոսում եմ արցախցիների հետ, նրանք ասում են, որ վախենում են տուն գնալ։ 
Եթե հենց հիմա գնաք Արցախ, կտեսնեք, որ նրանք քանդում են եկեղեցիներն ու վանքերը, ոչնչացնում գերեզմանատներն ու սրբավայրերը՝ իսպառ վերացնելով քրիստոնեական համայնքի ողջ հիմքը, կարծես այն երբեք էլ այնտեղ չի եղել։
Ինչպե՞ս են նրանք համարձակվում ոչնչացնել այդ գեղեցկությունն ու այն, ինչ դրանք խորհրդանշում են: Դրանք պարզապես շինություններ չեն: Դա մի ամբողջ ժողովրդի պատմություն է՝ մկրտություններ, հարսանիքներ, հուղարկավորություններ՝ սերունդ առ սերունդ։ Իսկ հիմա նրանք պատրաստվում են պարզապես վերացնել այդ ամենը, կարծես դա երբեք էլ չի եղել: Նրանք ոչ միայն շենքերն են վերացնում, այլ փորձում են ջնջել պատմությունը։
Եվ սրանք են այն խնդիրները, որոնք մենք աշխատում ենք վերհանել եւ հասցեագրել։
Մենք ներկա ենք
Դոկտոր Փոլ Մյուրեյ
Առաջին բանը, որ մենք անում ենք, քրիստոնյա առաջնորդներին Հայաստան բերելն է, որպեսզի նրանք անձամբ զգան այս երկիրը եւ անմիջապես մարդկանցից լսեն ամեն ինչ, որպեսզի դա միջնորդավորված չլինի:
Յուրաքանչյուր անձ, որը գալիս է Հայաստան, ազդեցության մարդ է՝ մեկը, որն ունի կապեր ու լսարան, եւ կարող է դառնալ հայ ժողովրդի ձայնը։ 
Մենք զրուցում ենք նախագահ Թրամփի վարչակազմի եւ Պետքարտուղարության հետ։ Մենք օգտագործեցինք նաեւ փետրվարին կայացած Միջազգային կրոնական ազատության (IRF) գագաթնաժողովը՝ այս հարցերը բարձրացնելու համար։ Մենք աշխատում ենք նախ՝ իրազեկվածության բարձրացման, երկրորդ՝ շահերի պաշտպանության, եւ երրորդ՝ մեր կառավարությանը պարտադրելու համար, որպեսզի այս խնդիրները հասցեագրվեն խաղաղության համաձայնագրում:
Մեզ կարող են ասել. «Դուք ընդամենը փոքր խումբ եք»։ Բայց որպես հավատացյալ մարդիկ՝ մենք գիտենք, որ Աստված հաղթում է գործելով մնացորդաց միջոցով: Մենք գուցե փոքր կազմակերպություն ենք, բայց մեր մարդիկ որակ ունեն՝ աղոթքով զինված տղամարդիկ եւ կանայք, որոնք պատրաստ են օգտագործել իրենց ռեսուրսները, ժամանակը եւ կապերը՝ հանուն Հայաստանի ժողովրդի:
Սենատոր Էմանուել Ջոնս
Մենք պետք է համախմբենք միջազգային հանրությանը եւ բարի կամքի տեր մարդկանց, որպեսզի նրանք միավորվեն եւ աջակցություն պահանջեն։
Ես ասես կույր լինեի մինչեւ այստեղ գալս, բայց հիմա հստակ տեսնում եմ, թե ինչ է Աստված շնորհել այս հողին։ Կարծում եմ՝ հենց սրան է փորձում հասնել «Save Armenia»-ի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը։ Նա մեզ այստեղ չի բերել պարզապես լավ ժամանակ անցկացնելու, տեսարժան վայրեր տեսնելու, մի փոքր պատմություն սովորելու եւ տուն վերադառնալու համար։ Նա ուզում է, որ մենք ունենանք այս փորձառությունը, այն դարձնենք մեր էության մի մասը եւ կիսվենք դրանով մեր եկեղեցիներում եւ համայնքներում։ Մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ քրիստոնյաները հալածվում են, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այս վայրագությունները շարունակվեն։
Դոկտոր Փոլ Մյուրեյ
Հայաստանի լեռնալանջերով ճամփորդելիս ամենուր խաչեր ես տեսնում: Հայաստանի վանքերի եւ եկեղեցիների եզակիությունն այն է, որ, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, որտեղ դրանք հիմնականում զբոսաշրջային վայրեր են, Հայաստանում մշտապես կտեսնեք ներսում աղոթող մարդկանց: Դա գեղեցիկ է, եւ ես հավատացած եմ, որ հենց այդ է Հայաստանի հարատեւ ուժի աղբյուրը:
Դոկտոր Փոլ Մյուրեյի եւ Սենատոր Էմանուել Ջոնսի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Leave a comment