Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը

Հուլիսի 4–ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում պաշտոնապես ազդարարվել է Կապանի միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի մեկնարկը։

Փառատոնն իր ներկայությամբ պատվել էին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Համերգային երեկոն բացվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դաշնամուրային քառյակ № 2» ստեղծագործությամբ, որին հաջորդել են Առնո Բաբաջանյանի, Գրիգորաշ Դինիկույի, Մորիս Ռավելի, Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները՝ Հրաչյա Ավանեսյանի, Կարեն Շահգալդյանի, Մարիաննա Շիրինյանի, Արմեն Պուչինյանի, Ժուլիեն Լիբերի, Հայկ Կազազյանի, Աննա Սարկիսովայի, առաջին անգամ Կապանում գտնվող Իբեն Թայլմանի, Թոմաս Լունդստրոմի, Լոան Կազալի կատարմամբ։

Արդեն չորրորդ տարին անընդմեջ փառատոնը շարունակում է արժանանալ հանդիսատեսի բարձր գնահատանքին և հետաքրքրությանը, ինչի վկայությունն է ամեն տարի նոր մասնակիցների և այցելուների աճող թիվը։

Այս տարի ևս «Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում Կապանում կհյուրընկալվեն աշխարհահռչակ մենակատարներ, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստներ։ Փառատոնի համերգային ծրագրերը ներառում են դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ստեղծագործական համագործակցություններ և երաժշտական նոր ձևաչափեր։

«Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը։ Դիմակահանդեսային մթնոլորտում անցկացվող այս բարձրաշխարհիկ միջոցառումը կմիավորի վիեննական վալսը, օպերային երաժշտությունը և ջազային կատարումները՝ ստեղծելով եվրոպական մշակութային ավանդույթների յուրահատուկ շունչ Կապանում։

Ամենամյա դարձած փառատոնն իրականացվում է գլխավոր և մշտական աջակից՝ Կապանի համայնքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբեդենային կոմբինատ» ՓԲ ընկերության, արդեն երրորդ տարին՝ նաև ՀՀ ԿԳՄՍ նախարության աջակցությամբ, և Բելգիայում բնակվող, արմատներով կապանցի, թավջութակահար Սևակ Ավանեսյանի անմիջական նախաձեռնությամբ։

Leave a comment