Գերմանական Die Welt պարբերականը պնդում է, որ ձեռք է բերել Իրանի Կարմիր մահիկի գաղտնի նամակը, որտեղ կանխատեսվում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի սգո արարողությունների ընթացքում զոհերի թիվը կարող է կազմել 1500-ից մինչև 3000։
Պարբերականի տվյալներով՝ Իրանի իշխանություններն արդեն ստեղծել են հատուկ օպերատիվ շտաբ, իսկ երկրի խոշորագույն՝ Բեհեշթ-է Զահրա գերեզմանատանը նախապես պատրաստվել են հազարավոր նոր գերեզմաններ։
Die Welt-ը, հղում կատարելով Թեհրանի քաղաքապետարանի աշխատակցին, գրում է, որ պատասխանատու պաշտոնյաներին տեղեկացվել է, թե «մինչև 3000 մահը ընդունելի սցենար է»։ Նույն աղբյուրի խոսքով՝ մարդկանց հսկայական հոսքն ու բարձր ջերմաստիճանը կարող են հանգեցնել լայնածավալ ողբերգության։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ գեներալ Քասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ պաշտոնական տվյալներով հրմշտոցի հետևանքով զոհվել էր 56 մարդ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիի հրաժեշտի արարողությունը նույնպես ուղեկցվել էր բազմաթիվ զոհերով և տուժածներով։
Նշենք, որ այս տեղեկությունները հրապարակվել են Die Welt-ի կողմից և անկախ աղբյուրներով դեռևս չեն հաստատվել։