ԱՄՆ Անկախության 250-ամյակին Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» կկարողանա դեպի Մարս իրականացնել կառավարվող թռիչք
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» կկարողանա դեպի Մարս իրականացնել կառավարվող թռիչք։
«Մենք շատ շուտով կմեկնենք Մարս», – ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ մայրաքաղաքում Անկախության 250-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ մենք կհասնենք Լուսին և կշարժվենք առաջ: Իսկ հետո մենք կմեկնենք Մարս», – հավելել է ամերիկյան առաջնորդը:
Թրամփը հիշեցրել է, որ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում իր վարչակազմի նախաձեռնությամբ ստեղծվել են ԱՄՆ Տիեզերական ուժերը:
«Ոմանք հեգնում էին, նրանք կարծում էին, թե դա հիմարություն է: Իսկ հիմա հասկանում են, որ դա մեր արած ամենակարևոր բաներից մեկն է», – նշել է նա:
«Մենք տիեզերքում պարտվում էինք Չինաստանին և Ռուսաստանին, իսկ հիմա հսկայական քայլերով առաջ ենք անցնում նրանցից», – պնդել է Թրամփը:
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) ղեկավար Ջարեդ Այզեքմանը մայիսին հայտարարել էր, որ գերատեսչությունը մտադիր է մինչև 2032 թ.-ը Լուսնի վրա տեղակայել ամերիկյան բնակեցված կայան: NASA-ի ներկայացուցիչները նշել են, որ Լուսնի վրա հույս ունեն փորձարկել այն տեխնոլոգիաները, որոնք հեռանկարում թույլ կտան կառավարվող թռիչք իրականացնել դեպի Մարս։ Գերատեսչությունում ակնկալել են, որ այն կարող է կազմակերպվել մինչև 2040 թվականը: