Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5-ին, նշում ենք Սահմանադրության օրը։  

Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլև այդ կարգի ծագումնաբանության, օրգանական կապի ապահովումը պետության հիմնադիրի, ինքնիշխանի, այսինքն` ժողովրդի հետ։

Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում և էական է, թե ով և ինչպես է այդ կանոնները սահմանել։ Դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, և սա պետության կայունության ու զարգացման կարևոր նախապայման է։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում։

Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է նաև պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք, և 2024 թվականից որդեգրված քաղաքականություններով՝ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն։

Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության և իշխանության տերը լինելու արտահայտությունը, դա պետք է արտահայտվի ոչ միայն տեքստով, այլև ծագումնաբանությամբ և իրականությամբ։

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովուրդը պետության և իշխանության տերն է, և այս փաստը վերահաստատվեց 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում։

Սա նշանակում է, որ սահմանադրական ոգին Հայաստանի Հանրապետությունում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս այս և Սահմանադրության օրվա առիթով։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է վարչապետի ուղերձում:

Leave a comment