Վարպետը, որը խաղողի արմատներից պատմություններ է ստեղծում

Հասարակություն

Վարպետը, որը խաղողի արմատներից պատմություններ է ստեղծում

Առաջին հայացքից դրանք պարզապես խաղողի չորացած արմատներ են,  Վարդան Եղիազարյանի ձեռքերում դրանք վերածվում են մարդկանց, ընտանիքների, կենդանիների ու պատմությունների։ Նա փայտի բնական կորություններն ու ճեղքերը չի փոխում, այլ փորձում է դրանց մեջ արդեն գոյություն ունեցող կերպարները տեսնել։

Այսօր այդ աշխատանքները դարձել են Մեղրաձորի էթնո-գաստրո տան գլխավոր զարդերը։ Այստեղ հյուրերը ոչ միայն դիտում են փայտե քանդակները, այլև դրանցով մատուցված ուտեստներն են համտեսում. Վարդանի պատրաստած փայտե և կավե ափսեները, սկուտեղներն ու բաժակները ամեն օր օգտագործվում են հյուրասիրությունների ժամանակ՝ ապացուցելով, որ ձեռագործը կարող է լինել ոչ միայն ցուցադրության, այլև առօրյայի մաս։

Սակայն այս ճանապարհը հեշտ չի եղել։

«Ծաղրում էին։ Ասում էին՝ ի՞նչ ես անում։ Ինքս էլ սկզբում չէի հասկանում, թե ուր է տանում այս ճանապարհը»,- պատմում է նա։

Վարդան Եղիազարյանը կրթությամբ իրավաբան է։ Ծնվել և ապրում է Մեղրաձորում։ Տարիներ շարունակ աշխատել է տարբեր ոլորտներում, բայց, ինչպես ինքն է ասում, դրանցից ոչ մեկը հոգուն մոտ չէր։ 2013 թվականին սկսեց զբաղվել փայտամշակմամբ, իսկ հինգ տարի անց պատահաբար բացահայտեց խաղողի արմատի յուրահատուկ կառուցվածքը։ Այդ պահից նրա ստեղծագործական ուղին փոխվեց։

«Մթության մեջ լույս էի ման գալիս ու գտա փայտարվեստը»,- ասում է նա։

Վարպետը չի կտրում, չի պարտադրում ձևը։ Նա նախ երկար դիտում է յուրաքանչյուր արմատը, մինչև հասկանում է, թե ինչ կերպար է թաքնված դրա մեջ։ Միայն հետո է սկսվում աշխատանքի ամենաբարդ փուլը՝ փայտին «կյանք տալը»։

Այսօր նրա արվեստանոցում կարելի է տեսնել ամենատարբեր աշխատանքներ՝ փոքր կենցաղային իրերից մինչև խորհրդանշական քանդակներ, որոնցից շատերը պատմում են մայրության, ընտանիքի և մարդկային հարաբերությունների մասին։

Նրա խոսքով՝ իրական փոփոխությունները սկսվել են միայն վերջին տարիներին․ «Մինչև 2020 թվականը արդյունքն առանձնապես չէր երևում։ Հիմա արդեն կողքիս մարդիկ կան, որոնք հավատում են իմ գործին»։

Փոխվել է ոչ միայն նրա կյանքը, այլև գյուղի առօրյան։

«Ես 40 տարի է՝ Մեղրաձորում եմ ապրում։ Չեմ հիշում, որ մեր գյուղում երբևէ զբոսաշրջիկների այսքան մեծ հոսք լիներ»,-ասում է Եղիզարյանը։

Վարդանի համար, սակայն, ամենահաճելի աշխատանքը միայն փայտե քանդակներ ստեղծելը չէ։

Նա արդեն 12 երիտասարդի սովորեցնում է փայտարվեստ՝ վստահ լինելով, որ արհեստը պետք է փոխանցվի հաջորդ սերնդին։

«Եթե մի օր իմ աշխատանքներից ոչ մեկը չմնա, բայց մնան մարդիկ, որոնք կշարունակեն այս գործը, կնշանակի՝ ամեն ինչ իզուր չի եղել»,- եզրափակում  է նա։

Leave a comment