ՀՀ 5 ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են իշխանափոխության համար պայքարի նոր փուլի մասին

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով հաստատվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, 5 ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարել են իշխանափոխության համար պայքարի նոր փուլի մեկնարկի մասին


ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․     Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով հաստատվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հինգ ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարել են իշխանափոխության համար պայքարի նոր փուլի մեկնարկի մասին:


«Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների և «Ազգային-ժողովրդավարական բևեռի» անունից հրապարակված համատեղ հայտարարության մեջ խոսվում է ջանքերը մեկտեղելու մտադրության մասին՝ իրականացնելու համար ընդհանուր քաղաքական օրակարգը, որը ներառում է դիմակայությունը սահմանադրական փոփոխություններին, Հայ Առաքելական եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանությունը:


Հայտարարության հեղինակները պնդում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը «չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից, չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը»։


Ստորագրողների կարծիքով՝ «վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ»:


Այս կապակցությամբ ընդդիմադիր ուժերը հայտարարել են մի քանի հիմնական ուղղություններով միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մտադրության մասին:


Մասնավորապես, նրանք դեմ են արտահայտվում Սահմանադրության փոփոխությանը՝ իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունները համարելով «արտաքին պարտադրանք», և հայտարարում են օրենսդրական, հասարակական ու քաղաքական մեխանիզմներ կիրառելու մտադրության մասին՝ Մայր օրենքի փոփոխությունը թույլ չտալու համար:


Բացի այդ, ստորագրողները հայտարարել են իրենց աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցուն՝ տեսակետ հայտնելով, որ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվում է «համակարգված ապօրինի արշավ»: Նրանք նաև մտադրություն են հայտնել հասնել քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանը և պահանջում են նրանց անհապաղ ազատ արձակումը:


Հայտարարության առանձին կետով նշված է գործող իշխանության փոփոխության անհրաժեշտությունը։ Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ նոր ազգային իշխանության ձևավորումը սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հասնելու և երկրի անվտանգության ապահովման միակ նախապայմանն է։


Հայտարարության ավարտին ընդդիմադիր ուժերը դիմել են քաղաքացիներին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ քաղաքական դիմադրության նոր՝ առավել համակարգված, ինստիտուցիոնալ և մասշտաբային փուլի մեկնարկը։ Նրանք նաև հայտնել են, որ շարունակում են խորհրդակցությունները հետագա համատեղ գործողությունների շուրջ և խոստացել են ավելի ուշ տեղեկություններ ներկայացնել հաջորդ քայլերի, այդ թվում՝ հնարավոր համատեղ ծրագրերի մասին:


Սահմանադրական դատարանի որոշումը, որը հրապարակվել է ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումի քննության արդյունքներով, հուլիսի 4-ին ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։


Դիմումները ներկայացվել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ), «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների կողմից։


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարության համաձայն՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր և «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավոր:


 

Leave a comment