«Հայաստանը Ռուսաստանի համար արժեք ունի, որովհետև իր գոյությամբ թույլ չի տալիս՝ թուրքական աշխարհը միավորվի, Թուրքիայի համար էլ ՀՀ-ն արժեք ունի, որովհետև խանգարում է, որ միավորվի թուրքական աշխարհը։ Ի՞նչ արժեք ունի ՀՀ-ն ԵՄ-ի համար, այն 10 տարի հետո մահանալու է․ ռեսուրս չկա»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա՝ ԵՄ-ն օրեցօր հետ է ընկնում․ «Ուզում էին խաբեն, Ուկրաինան գրավեն՝ ինը տրիլիոն ռեսուրսը։ Դրա կեսը ռուսներն են գրավել, հիմնականում թերթաքարային գազը գտնվում է արևելյան Ուկրաինայում, մյուս կեսն էլ ամերիկացիները վերցրին, ի՞նչ պիտի անի ԵՄ-ն։ 20 տարի առաջ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ԵՄ-ն առաջ էր ԱՄՆ-ից, հիմա երկու անգամ հետ է։ Օրեցօր հետ է ընկնում, չի կարողանում տնտեսություն աճեցնել»։
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ապագայում մեր նշանակությունը պակասելու է։ Նրա համոզմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի համար հարյուր անգամ ավելի կարևոր են, քան Հայաստանը․ «Մենք ստիպված ենք մտածել՝ ինչպես կարելի է ավելի սերտ դաշնակցել ՌԴ-ի կամ Իրանի հետ։ ԱՄՆ-ն ինչո՞ւ է մոգոնել մոդուլային կայան, որ մենք մեր ատոմակայանը փակենք։ Ինքը ոչ մի մոդուլային կայան չունի։ Կարող է հետո ստեղծի, բայց էս պահին չունի։ Մոդուլային կայան մեկ հատ Կանադան, մեկ հատ Չինաստանն ունի․ անապատներում է շահագործում, մեկ հատ էլ Ռուսաստանը։ Այս ամենը բլեֆ է, Ջեյ Դի Վենսն ինչ էլ ստորագրի, չեն անի․ ամերիկացիներն անիմաստ մեկ լումա չեն ծախսի»։