«Արտ ֆաբրիկա» Վանաձորում. կոշիկի գործարանից՝ թատրոն

Վանաձորի վրա դանդաղ իջնում է Լոռվա ամառը։ Հանրապետության փողոցով անցնող մարդիկ շտապում են տուն, իսկ նախկին գործարանների մուգ պատերը լուռ են։ Վանաձորը վաղուց է սովորել այդ լռությանը։
Սակայն վերջին ամիսներին քաղաքի մշակութային կյանքում նոր շարժ է նկատվում։ 
Նախկին կոշիկի գործարանի երկրորդ հարկում ռեժիսոր-դերասան Ժիրայր Գաբրիելյանը, դերասաններ Ռիմա Գալստյանը, Անիկա Աբրահամյանը եւ Հրանտ Վարդումյանը որոշել են հին արտադրական տարածքը վերածել թատրոնի։ Ոչ պետական, ոչ ավանդական, այլ անկախ թատրոնի։
Եթե քաղաքի պատմությունը երկար ժամանակ ասոցացվել է փակվող գործարանների հետ, ապա այս պատմությունը սկսվում է մի գործարանից, որը պատրաստվում է նորից աշխատել։ 

Միայն թե այս անգամ այստեղ ոչ թե կոշիկներ են արտադրվելու, այլ ներկայացումներ։
Փոշու, բետոնի ու ապագա ներկայացումների միջեւ
Նրանց անհրաժեշտ էր բարձր առաստաղներով տարածք։ Ոչ միայն ներկայացումներ բեմադրելու համար։ Այս թատրոնում լույսը, պրոյեկտորը եւ տեխնիկական լուծումները նույնքան կարեւոր են, որքան դերասանը։
Առաջին հայացքից շենքը լքված էր թվում, սակայն նրանց համար այն տարածքից ավելին էր՝ հնարավորություն։
«Հերթով մտել ենք քաղաքի գրեթե բոլոր հին գործարանները։ Մեկը շատ քանդված էր, մյուսը վաճառքի էր, երրորդը չէին տրամադրում։ Բայց չէինք դադարում փնտրել», – պատմում է Ժիրայր Գաբրիելյանը։
Տարիներ շարունակ խումբը ներկայացումներ էր բեմադրում՝ չունենալով մշտական հասցե։ Տեղափոխվում էին մի բեմից մյուսը, եւ ամեն նոր տարածք փոխում էր ոչ միայն տեխնիկական պայմանները, այլեւ ներկայացման ամբողջ կառուցվածքը։
«Հասկացանք, որ եթե ուզում ենք իրականացնել այն գաղափարները, որոնք ունենք, մեզ սեփական տարածք է պետք», – ասում է Ժիրայրը։
Ի վերջո գտան նախկին արտադրական շենքերից մեկը, որը պատրաստվում են վերածել թատրոնի։ Այժմ դրամահավաք են իրականացնում, որպեսզի փոշոտ ու կիսաքանդ տարածքը բեմ դառնա։ Բայց բեմը վերջնակետը չէ, այլ սկիզբը։
Բեմից ավելի մեծ մի բան
Մոտ երկու տասնամյակ Ժիրայր Գաբրիելյանն աշխատում է թատրոնում։ Եղել է դերասան, ռեժիսոր, ղեկավարել է ստեղծագործական ծրագրեր, զբաղվել վարչական աշխատանքով։ Տարիների ընթացքում նրա համոզմունքը միայն ամրապնդվել է՝ մշակութային կյանքը չի կարող կենտրոնացած լինել միայն մայրաքաղաքում։
«Եթե անընդհատ ռեստորաններ են բացվում, ինչո՞ւ չբացվեն թատրոններ։ Եթե ասում ենք՝ մշակութային երկիր ենք, դա պետք է երեւա նաեւ քաղաքներում», – ասում է Ժիրայրը։
Նա Վանաձորի մասին խոսում է ոչ միայն որպես բնակավայրի, այլ որպես պատասխանատվության մասին։ Երեւանից առաջարկներ եղել են։ Ավելի հեշտ ճանապարհներ՝ նույնպես։ Բայց նա մնացել է։ 
«Երեւանը կա ու կլինի։ Բայց եթե բոլորը գնան, Վանաձորը դատարկվելու է։ Մենք ուզում ենք ապրել Վանաձորում, ստեղծագործել Վանաձորում ու մնալ Վանաձորում», – ասում է Ժիրայրը։
Նրա համար նոր թատրոնը պարզապես հերթական մշակութային նախաձեռնություն չէ։ Փորձ է ստեղծելու այլընտրանքային միջավայր, նոր մշակութային կենտրոն, որը կարող է ձեւավորել քաղաքի ստեղծագործական կյանքը։
Սակայն ամենակարեւորը, նրա խոսքով, համայնք ստեղծելն է։
«Թատրոնը պարզապես բեմ չէ։ Մենք ուզում ենք, որ սա դառնա արվեստագետների տուն։ Որ երաժիշտները, նկարիչները, երիտասարդները գան այստեղ, որ մարդիկ հանդիպեն, ստեղծեն, սխալվեն ու նորից ստեղծեն», – ասում է նա։
Թատրոնն արդեն անուն ունի՝ «Արտֆաբրիկա»։ 
Երբ տունը դառնում է պատասխանատվություն
Դերասանուհի Անիկա Աբրահամյանի համար Վանաձորը պարզապես քաղաք չէ։ Տուն է։ Երբ խոսում է քաղաքի մասին, ձայնի մեջ միաժամանակ սեր եւ անհանգստություն կա։ Նա նույնպես կարող էր տեղափոխվել Երեւան։ Ընկերներից շատերն արդեն այնտեղ են աշխատում, նոր թատրոններ են բացվում, հնարավորություններն ավելի շատ են թվում։ 
Սակայն Անիկայի ընտրությունը մնալն էր։
«Ես շատ եմ սիրում Վանաձորը։ Շատ կապված եմ այս քաղաքին։ Այն, ինչ կարելի է անել ուրիշ տեղ, ինչո՞ւ չանել իմ քաղաքում», – ասում է Անիկան։
Հիշում է այն օրը, երբ առաջին անգամ լսեց նոր թատրոնի գաղափարի մասին։ Կասկածներ չկային. 
«Միշտ մտածել եմ՝ ինչ լավ կլիներ նոր թատրոն ունենայինք, բայց երբեք չէի պատկերացնում, որ հենց մենք ենք ստեղծելու»։
Մայրաքաղաքից դուրս ստեղծագործելը, նրա խոսքով, հաճախ ավելի դժվար է, քանի որ այստեղ յուրաքանչյուր մշակութային նախաձեռնություն նաեւ գոյատեւման պայքար է։
Սակայն այդ դժվարությունները երբեք չեն ստիպել հրաժարվել գաղափարից։ Բեմը վաղուց դարձել է նրանց ինքնության մի մասը։
Անիկան ժպտում է, երբ հիշում է առաջին տարիները։ Օրվա ընթացքում փորձեր էին անում, իսկ երեկոները հավաքվում նրա տանը՝ զգեստներ կարելու, դեկորներ պատրաստելու, հաջորդ ներկայացման մասին մտածելու։
«Տանը տեղ չէր մնում։ Ամեն ինչ այնտեղ էր՝ գործվածքներ, դեկորներ, տեխնիկա։ Երբեմն բողոքում էի, բայց հետո հասկանում էի՝ մենք երազանք ենք կառուցում», – պատմում է Անիկան։
Ամեն երազանքին պետք է մեկը, ով չի հավատում
Մինչ Ժիրայրն ու Անիկան խոսում են տարիներ շարունակ իրենց հետ ապրած երազանքի մասին, Ռիմա Գալստյանը պատմում է, որ երկար ժամանակ այդ գաղափարի ամենախիստ քննադատներից է եղել։
Ժիրայրը տարիներ շարունակ տարբեր նախաձեռնությունների մասին է մտածել, իսկ ինքը սովորաբար առաջիններից էր, ով կասկածի տակ էր դնում դրանց իրատեսականությունը։
«Միշտ ասում էի՝ չի ստացվի, շատ ես երազում», – ժպիտով հիշում է նա։
Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է։ Ռիման ասում է, որ գաղափարի շուրջ արդեն կային ոչ միայն ցանկություններ, այլեւ հստակ պատասխաններ ամենաբարդ հարցերին՝ սկսած տարածքի պահպանման ու ֆինանսական կայունության խնդիրներից մինչեւ կառավարման տեսլականը։
Նրան համոզել է նաեւ Ժիրայրի կառավարման փորձը։ Թատրոնում փոխտնօրեն աշխատելու տարիները, ըստ Ռիմայի, օգնել են ոչ միայն հասկանալ ոլորտի խնդիրները, այլեւ տեսնել դրանց հնարավոր լուծումները։
«Հասկացա, որ այս մարդը ոչ միայն երազում է, այլեւ գիտի՝ ինչպես այդ երազանքը գործի վերածել», – ասում է Ռիման։
Իրեն ավելի «հողի վրա կանգնած» մարդ է համարում։ Ասում է՝ մայր լինելն էլ է ստիպում առաջին հերթին մտածել կայունության մասին։ Երազանքների հետեւից գնալուց առաջ ցանկանում է համոզված լինել, որ ընտանիքի անվտանգությունն ու պատասխանատվությունները վտանգված չեն։
Թատրոնը Ռիմայի համար նաեւ հնարավորություն է իր երկարամյա հասարակական փորձը տեղափոխել նոր հարթակ։ Տարիներ շարունակ աշխատելով երիտասարդների հետ՝ իրականացրել է կրթական ծրագրեր, ամառային դպրոցներ, ֆորում-թատրոններ եւ միջազգային նախաձեռնություններ։
Հատկապես կարեւոր է համարում Փլեյբեք թատրոնի գաղափարը, որի հետ ծանոթացել է Գերմանիայում։ Այս թատերական ձեւաչափը, որն այսօր գործում է աշխարհի տասնյակ երկրներում, հնարավորություն է տալիս հասարակական խնդիրների մասին խոսել հենց թատրոնի միջոցով։
«Իմ երազանքն է Փլեյբեք թատրոնը բերել Հայաստան», – խոստովանում է Ռիման։
Նրա պատկերացմամբ՝ նորաստեղծ թատրոնը միայն ներկայացումներ բեմադրող կառույց չէ լինելու. 
«Մեզնից յուրաքանչյուրը այս տարածք է բերում իր փորձը, գիտելիքը եւ իր երազանքները»։
Ութսուն նստատեղ եւ մի ամբողջ քաղաք
Նոր թատրոնի դահլիճը մեծ չի լինելու՝ 80-90 հանդիսատեսի համար։ Հիմնադիրներն ասում են՝ մեծ փոփոխությունները հաճախ փոքր տարածքներից են սկսվում։ 
Նրանք ծրագրում են ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ, երիտասարդ երաժիշտների համար բաց բեմեր, նկարիչների ցուցադրություններ։ Փորձարարական նախագծեր եւ գիշերային փորձեր, երբ պետք լինի՝ նույնիսկ առավոտյան երեքին։
Որովհետեւ այս պատմության հիմքում շենքը չէ։ Համառությունն է։ Այն համառությունը, որի շնորհիվ մարդիկ գիշերները չեն քնում, տեղափոխում են տեխնիկան, կառուցում բեմը, կարում զգեստները։ Եվ շարունակում են հավատալ, որ մշակույթը կարող է փոխել քաղաքը։
Վանաձորում նրանց բեմը վերջապես կա։ Հիմա հերթը պատմություններինն է։ Իսկ մինչ առաջին պատմությունները կհասնեն հանդիսատեսին, թատրոնի հիմնադիրները շարունակում են դրամահավաքը, որին կարող եք մասնակցել նաեւ դուք.
https://rearmenia.com/hy/fundraisers/art-fabric-theatre?tab=story 
Աստղիկ Հովհաննեսով

Leave a comment