ՍԴ–ի որոշմամբ վերջնականապես տապանաքար դրվեց արդարադատության վրա․ ԲՀԿ խոսնակ

Բաժանորդագրվել

Իվետա Տոնոյանը խոսել է իրենց ակնկալած որոշման մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջնականապես տապանաքար դրվեց արդարության և արդարադատության վրա։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

Քիչ առաջ ՍԴ–ն հրապարակեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը` հայտնելով, որ որոշել է ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։

«Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որը կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են․․․ Էլ չեմ խոսում ժողովրդավարության ու լեգիտիմության մասին»,- ասաց ԲՀԿ խոսնակը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։

Leave a comment