ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

Բաժանորդագրվել

Մինսկի և Երևանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ»,-ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Հատկանշական է, որ գրառման մեջ Բելառուսի իշխանություններին ուղղված ոչ մի խոսք չկա։

Նշենք, որ Մինսկի և Երևանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած գնահատականներից հետո։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է, որ օգնել է Ադրբեջանին, և պաշտոնյաներին արգելեց մեկնել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Լուկաշենկոն։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024 թվականի հունիսին նույնիսկ բողոքի նոտաներ փոխանակեցին։

2024 թվականի օգոստոսին՝ Լուկաշենկոյի հերթական հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկներ և կարտոֆիլ էին շպրտել։ Իսկ դեկտեմբերին Հայաստանի վարչապետն ու Բելառուսի նախագահը վիճաբանություն ունեցան Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

2026-ի ապրիլին էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Երևանում «թույլ չեն տա Հայաստանը դարձնել գուբերնիա և չեն կառավարվի Բելառուսի օրինակով»: Ի պատասխան՝ Մինսկը բողոքի նոտա հանձնեց Երևանին։

Leave a comment