Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի՝ հուլիսի 3-ի արտահերթ նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավոր Գեղամ Նազարյանի «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։
Օրենսդրական փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կսահմանվեն որպես ոչ աշխատանքային։
Քվեարկության դրվեց և ընդունվեց նաև Կառավարության ներկայացրած՝ Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Քվեարկության դրվեց և ընդունվեց««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:
Ըստ այդմ՝ փոփոխություններ կկատարվեն ՀՀ քրեական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներում և կխստացվեն սահմանված պատժաչափերն ընտրակաշառքի տեսքով արտահայտվող հանցագործությունների համար:
Նախատեսված պատժի խստացումը լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նմանատիպ իրավախախտումների կանխարգելման և նվազեցման համար:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հասմիկ Հակոբյանի ներկայացրած՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ըստ այդմ՝ փոփոխություններ կարվեն Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում:
Նախագծի հիմնական զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն ավելի վաղ հայտարարել էր՝ նախագիծը նպատակ ունի երդման մեջ առանցքային տեղ հատկացնել պետականության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց նաև Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։