Հուլիսի 2-ին կայացած կառավարության նիստի օրակարգի 39-րդ և 42-րդ հարցերով նախատեսված էր արտահանման փոխհատուցման աջակցություն՝ մի շարք ապրանքատեսակների համար։ Միևնույն ժամանակ, նշված հարցերի նախագծերում ամփոփվել էին հունիսին իրականացված արտահանման աջակցության 2 ծրագրերի արդյունքները։
«Փաստերի ստուգման հարթակը» կառավարության ներկայացրած տվյալների հիման վրա ուսումնասիրել է հունիսի կանխատեսված և փաստացի արձանագրված ցուցանիշները և արձանագրել, որ երկու ծրագրերի դեպքում էլ արտահանման ցուցանիշները եղել են զգալիորեն ավելի ցածր, քան կառավարությունն ակնկալում էր։
Թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիր
Հունիսի 4-ի N800-Լ որոշմամբ սահմանված աջակցության ծրագրով կառավարությունը սահմանել էր արտահանվող ելակի, լոլիկի, պղպեղի և ծաղիկների փոխհատուցման դրույքաչափերը․
- ելակ՝ 770 դրամ/կգ,
- լոլիկ՝ 275 դրամ/կգ,
- պղպեղ՝ 400 դրամ/կգ,
- ծաղիկ՝ 37 դրամ/հատ։
Կառավարությունը հունիսին ակնկալում էր, որ արտահանման աջակցության ծրագրի շրջանակում կարտահանվի շուրջ 4250 տոննա թարմ պտուղբանջարեղեն և 10 մլն հատ ծաղիկ։
Հուլիսի 2-ին կառավարության օրակարգում ընդգրկված որոշման նախագծով ներկայացված տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ հունիսին փաստացի արտահանման ծավալները կանխատեսվածից զգալիորեն ավելի փոքր են եղել։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) օպերատիվ տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսին միջոցառման շրջանակում արտահանվել է շուրջ 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, ինչպես նաև շուրջ 3.5 մլն հատ և 35 տոննա ծաղիկ։
Մասնավորապես, ակնկալվող 4250 տոննա թարմ պտուղբանջարեղենի և 10 մլն հատ ծաղկի փոխարեն փաստացի արտահանվել է 1101 տոննա պտուղբանջարեղեն (784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ և 109 տոննա ելակ), ինչպես նաև շուրջ 3.5 մլն հատ և 35 տոննա ծաղիկ։
Հատկանշական է, որ հունիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարբերաբար հրապարակում և մեկնաբանում էր արտահանման ընթացիկ ցուցանիշները՝ խոսելով արձանագրվող դրական դինամիկայի մասին։
Թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության ծրագիր
Հուլիսի 2-ին կառավարության օրակարգում ընդգրկված 42-րդ հարցով ներկայացված էր ոչ միայն հուլիսին նախատեսված աջակցության ծրագիրը, այլև՝ հունիսի 11-ի N 839-Լ որոշմամբ հաստատված թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության ծրագրի արդյունքները։
Որոշման հիմնավորման համաձայն՝ հունիսին ակնկալվում էր արտահանել շուրջ 11.5 հազար տոննա թարմ պտուղ, այդ թվում՝ 7000 տոննա ծիրան, 2000 տոննա կեռաս, 2000 տոննա սալոր, 500 տոննա դեղձ և նեկտարին, ինչպես նաև 290 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 800 հազար բացարձակ լիտր բրենդի և 2 մլն լիտր հանքային ջուր։
Նույն որոշմամբ սահմանվել էին փոխհատուցման հետևյալ չափերը՝
- ծիրան՝ 200 դրամ/կգ,
- սալոր, դեղձ և նեկտարին՝ 250 դրամ/կգ,
- կեռաս՝ 400 դրամ/կգ,
- շշալցված խաղողի գինի՝ 350 դրամ/լիտր,
- շշալցված բրենդի՝ 830 դրամ/բացարձակ լիտր,
- շշալցված հանքային ջուր՝ 150 դրամ/լիտր։
Սակայն, ըստ ՍԱՏՄ-ի օպերատիվ տվյալների՝ վերոնշյալ միջոցառման շրջանակում հունիսին արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս և 1 տոննա սալոր։
Մասնավորապես, ակնկալվող 7000 տոննա ծիրանի, 2000 տոննա կեռասի և 2000 տոննա սալորի փոխարեն փաստացի արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս և ընդամենը 1 տոննա սալոր։
Հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ի օպերատիվ տվյալների համաձայն հրապարակված ամփոփման մեջ ներկայացվել են միայն ծիրանի, կեռասի և սալորի արտահանման ցուցանիշները, իսկ ծրագրում ընդգրկված մյուս ապրանքատեսակների վերաբերյալ տվյալներ չեն նշվել, կարելի է եզրակացնել, որ միջոցառման շրջանակում դրանց արտահանում չի արձանագրվել։
*Վիզուալում խմիչքների մասով արտահանման թվային տվյալներ ներկայացված չեն, քանի որ կառավարության՝ 03.07.2026թ. ներկայացված ամփոփ տվյալներում շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։
Այսպիսով, կառավարության կողմից հունիսին ընդունված արտահանման աջակցության երկու ծրագրերի դեպքում էլ մեկ ամիս անց ներկայացված ամփոփ տվյալները ցույց են տալիս, որ ծրագրերի մեկնարկին ներկայացված արտահանման կանխատեսումները չեն ապահովվել։ Երկու ծրագրերի դեպքում էլ փաստացի արտահանման ծավալները զգալիորեն զիջել են կանխատեսված ցուցանիշներին։
Գայանե Մարկոսյան
The post Կառավարության՝ հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել appeared first on FIP.AM.