Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի իր հոր՝ Ալի Խամենեիի հուղարկավորությանը, որի բազմօրյա արարողությունն այսօր մեկնարկել է Թեհրանում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Հաքիմ Էլահին։
ANI գործակալության փոխանցմամբ՝ Էլահին նշել է, որ նման որոշումը պայմանավորված է Իսրայելից հնչող սպառնալիքներով և հնարավոր հսկողության ու թիրախավորման վտանգով, ինչի հետևանքով Մոջթաբա Խամենեիի ցանկացած հրապարակային ներկայություն կարող է վտանգավոր լինել։
Այաթոլլան հաստատել է, որ անվտանգության ծառայությունները խորհուրդ են տվել Մոջթաբա Խամենեիին չմասնակցել հոր հուղարկավորության արարողությանը։
«Նրանք ասացին, որ դա չափազանց վտանգավոր է, և մենք չենք կարող ապահովել նրա անվտանգությունը։ Կարծում եմ՝ նա չի հայտնվի հանրության առաջ»,- ասել է Հաքիմ Էլահին։
Ի դեպ՝ Մոջթաբա Խամենեին չէր մասնակցել նաև իր կնոջ՝ Զահրա Հադադ-Ադելի հուղարկավորությանը։ Նա զոհվել էր փետրվարի 28-ին՝ Ալի Խամենեիի նստավայրին հասցված ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով։