Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը

Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։ Այդ մասին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

Վերապատրաստման ծրագրի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ:

Ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց պատրաստակամության և նվիրվածության համար՝ ընդգծելով, որ ամառային հանգստի շրջանը մասնագիտական զարգացմանն ու փորձի փոխանակմանը նվիրելու որոշումը փաստում է ուսուցիչների պատասխանատվության և մասնագիտական նվիրման մասին։

«Ի դեմս ձեզ՝ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք տարբեր երկրներում, տարբեր լեզվական ու մշակութային միջավայրերում պահպանում և տարածում են հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Ձեր գործունեությամբ նպաստում եք, որ աշխարհի տարբեր մասերում ապրող  մեր հայրենակիցներն ավելի ամուր կապվեն Հայաստանի հետ․ սա չափազանց կարևոր առաքելություն է, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է շարունակաբար խթանել ու աջակցել ձեզ»,- դիմելով վերապատրաստման մասնակիցներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝  նախարարությունը սփյուռքահայ ուսուցիչների հետ համագործակված աշխատանքը շարունակում է նաև վերապատրաստման ծրագրի ավարտից հետո՝ շարունակելով մասնագիտական աջակցությունը, խորհրդատվությունն ու փորձի փոխանակումը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ Նա նաև խրախուսել է մասնակիցներին պահպանել ակտիվ ներգրավվածությունը մասնագիտական համայնքում՝ նշելով, որ ձևավորված ցանցը կարևոր հարթակ է շարունակական մասնագիտական զարգացման, միմյանց հետ շփումների, փորձի փոխանակման համար։

Նա շեշտել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենակարևոր ծրագրերից է, և այս առումով  շատ կարևոր է լսել ուսուցիչների առաջարկները՝ թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային հարցերի վերաբերյալ՝ ծրագրի հետագա բարելավման նպատակով։

«Վերապատրաստումը փոխադարձ սովորելու գործընթաց է․  մենք նույնպես ձեզնից սովորելու շատ բան ունենք։ Դուք աշխատում եք այնպիսի միջավայրերում, որը մեզ համար հաճախ ավելի շատ տեսական է, մինչդեռ դուք այդ իրավիճակներին առնչվում եք ամեն օր։ Մենք կարող ենք ձեզ փոխանցել մեթոդական և տեսական գիտելիքներ, սակայն դուք ունեք Սփյուռքում աշխատելու գործնական փորձ և հմտություն, որը չափազանց արժեքավոր է մեզ համար։ Ձեր փորձի, դիտարկումների և հետադարձ կապի շնորհիվ կարող ենք վերապատրաստումները դարձնել ավելի բովանդակալից և արդյունավետ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Նա հույս է հայտնել, որ վերապատրաստումն ուսուցիչների համար կդառնա նաև Հայաստանը նորովի բացահայտելու հնարավորություն․ ծրագրով նախատեսվում են նաև մշակութային բազմաթիվ միջոցառումներ, պատմամշակութային  ճանաչողական էքսկուրսիաներ։

«Համոզված եմ՝ Հայաստանում միշտ կան նոր բացահայտելու, տեսնելու և զգալու վայրեր, և վստահ եմ, որ այս օրերի ձեր տպավորությունները ևս կօգնեն ավելի ամրապնդել ձեր կապը հայրենիքի հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ մաղթելով հաջող ընթացք։

ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող  սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստումն անցկացվում է հուլիսի 1-5-ը Երևանի Ե․ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում։

Leave a comment