Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Սումիի մարզի Ռոմենսկի համայնքում գտնվող բնակելի շենքին, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը, գրում է Current time-ը։
Զոհվել է 4 մարդ՝ երկու կին, մեկ տարեց տղամարդ և շուրջ երկու տարեկան աղջիկ։
«Ռուսական հարվածը խլել է երեխայի կյանքը մոր հետ միասին»,- գրել է Գրիգորովը։
Վիրավորներից երեքը բժշկական օգնություն են ստանում։
Բացի այդ, Ռիչևսկի համայնքում զոհվել է ևս մեկ կին, մեկ մարդ վիրավորվել է։ Սումի համայնքում վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ 11, 13 և 14 տարեկան երեք աղջիկ։
Նույն գիշերը ռուսական բանակը Սումիի մարզում չորս անգամ հարձակվել է բենզալցակայանների վրա։ Վիրավորվել է չորս մարդ՝ Նեդրիգայլովկա համայնքում մեկ կին և Սումիի մարզում երեք տղամարդ։
«Սումիում ռուսները երկու անգամ հարձակվել են բենզալցակայանի վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրորդ հարվածը հասցվել է ռեակտիվ անօդաչու թռչող սարքի միջոցով»,- հաղորդել է Գրիգորովը։
Դնեպրոպետրովսկի մարզում Սոֆիևսկա համայնքում գտնվող բենզալցակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին։ Եվս երեք մարդ վիրավորվել է, իսկ կայանում հրդեհ է բռնկվել։ Եվս մեկ հարված է հասցվել Կամենսկի շրջանի բենզալցակայանիn։
Խարկովի մարզի Լոզովայա քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տանը՝ այրելով մեկ տուն և երկու մեքենա։ Հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 10-ամյա աղջիկ է հոսպիտալացվել։
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ գիշերը երկրի վրա արձակվել է 105 անօդաչու թռչող սարք ու երկու X-59/69 հրթիռներ։ Չեզոքացվել է 85 անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի